ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ձախ ղեկով մեքենաների գները կկրկնապատկվեն
17:15 15.01.2018

Ձախ ղեկով մեքենաների գները կկրկնապատկվեն

Աջ ղեկով մեքենաների հաշվառումն ու շահագործումը ապրիլի 1-ից արգելելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը մեքենաների գնի բարձրացման կհանգեցնի: Այսօր՝ հունվարի 15-ին «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեցին «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ու «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

«Աջ ղեկով մեքենաների ներմուծումը (որոնք ավելի որակյալ են նույն գնային սահմանում ձախ ղեկ մեքենաներից) եթե արգելվեն, ապա պետք է նույն գնի տիրույթում ներկրվի այլ մեքենա կամ պետք է ավելի շատ գումար ծախսես, որպեսզի մոտավորապես նույն որակի մեքենա ներկրես: Դա բերելու է նրան, որ գների բարձրացում տեղի ունենա: Դժվար է ասել՝ 10 տոկոսով կբարձրանա, թե 20 տոկոսով, դա արդեն կախված կլինի, թե երբ ներմուծման արգելքը կլինի»,- ասել է Կարեն Չիլինգարյանը՝  նշելով, որ սպառողների եկամուտներից էլ է որոշ բան կախված:

Հասարակական կամակերպության նախագահի խոսքով 2020 թվականից հետո ավելի շատ կբարձրանան մեքենաների գները, քանի որ ԵԱՏՄ տարածք երրորդ երկրից մեքենա ներկրելու մաքսատուրքը մի քանի անգամ կբարձրանա:

«Եթե դուք հիմա ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում գնեցիք մոտ 2 հազար ԱՄՆ դոլար արժեքով մեքենա և բերեցիք Հայաստան, վճարելով մաքսատուրք, ճանապարհածախս, այն ձեզ վրա կնստի 3.5 հազար դոլար: 2020 թվականից, երբ կսկսեն գործել ԵԱՏՄ-ի օրենքները, ապա 2 հազարդոլարանոց մեքենան մեր սպառողի վրա կնստի 6-ից 8 հազար դոլար»,- հայտարարեց Կարեն Չիլինգարյանը:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը վաճառքի ենթակա աջ ղեկ մեքենաների գնի փոփոխություն կանխատեսում է, սակայն դա կապում է բացառապես մեքենաների տերերի որոշման հետ:

«Գնաճ միանշանակ տեղի է ունենալու ձախ ղեկ մեքենաների համար: Ինձ թվում է, որ շատ, հնարավոր է, կրկնակի գնաճ տեղի ունենա: Դա չի վերաբերում հին մեքենաներին, որովհետև հին մեքենան թանկ գնով ոչ մեկ չի պատրաստվում գնել»,- ասել է Դավիթ Պեդանյանը: Վերջինիս խոսքով Հարկային օրենսգրքով սահմանվել է «բացարձակ ներմուծող» հասկացությունը:

«Օրինակ՝ «Տոյոտա»-ի ներկրողը թույլ չի տալու ներկրողներին ձախ ղեկով «Տոյոտա» ներկրել: Դա նշանակում է, որ «Տոյոտա»-ի սերվիսն արդեն ինքն է մենակ վաճառելու այդ ապրանքը և գինն ինքնուրույն է որոշելու: Այս դեպքում մրցակցությունը նվազում է, հետևաբար գներն էլ բարձրանում են: Դա բոլորս էլ գիտենք»,- ասել է Դավիթ Պեդանյանը:

17:15 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները