ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Սյունիքի հովտային գոտիներում ջերմաստիճանը կհասնի մինչև +14 +17-ի». Գագիկ Սուրենյան
17:55 15.01.2018

«Սյունիքի հովտային գոտիներում ջերմաստիճանը կհասնի մինչև +14 +17-ի». Գագիկ Սուրենյան

«Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»,- ֆեյսբուքի իր էջում հունվարի 14-ին ավետել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 15-ին, նա մանրամասնել է, որ գարուն ասվածը չի նշանակում, թե եղանակը համապատասխանելու է ապրիլ կամ մայիս ամիսներին հատուկ ջերմային ֆոնին: Սպասվում է, որ կդիտվի մարտին համապատասխանող ջերմաստիճան:

«Հունվարի 19-ից սկսած նորից մեզ մոտենալու են հարավային տաք օդային հոսանքներ: Կանխատեսվում է, որ հանրապետությունում օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատությամբ կբարձրանա մոտավորապես 4-10 աստիճանով: Օրինակ՝ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում կհասնի մինչև +14 +17 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև +11 +12-ի: Կլիմայական միջին ջերմաստիճանը հաշվի առնելով՝ դա մարտի ջերմային ֆոն է»,- ասել է Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով այդ ընթացքում եղանակը կլինի փոփոխական՝ ինչպես սովորաբար դիտվում է մարտին՝ Հայաստանում.«Կլինի փոփոխական եղանակ՝ կցրտի, նորից կտաքանա, բայց միջին ջերմաստիճանը մարտին համապատասխանող ջերմային ֆոն է լինելու: Տաք ջերմային ֆոնը պահպանվելու է նաև հունվարի 20-ից հետո, բայց ամեն դեպքում գարուն ասվածը չի նշանակում, թե ապրիլ կլինի, ծառերը կծաղկեն: Ձմռան համար շատ բարձր ջերմաստիճան կլինի, բայց մարտին հատուկ»:

Օդերևութաբանության կենտրոնի պետը տեղեկացրել է, որ այսօր ցերեկը, որքան էլ եղանակը համեմատաբար սառն է թվում, ջերմաստիճանը, օրինակ, Արարատյան դաշտում կլիմայական միջինից բարձր է 5 աստիճանով: Իսկ ամբողջ ձմռան ընթացքում կլիմայական միջինից ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +10-ը՝  հունվարի 1-2-ին:

Լուսանկարը՝ SputnikArmenia.com-ի

17:55 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները