ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Անկարան դատապարտում է «Սիրիայի սահմանապահ ուժեր» ստեղծելու Վաշինգտոնի նախաձեռնությունը
19:15 15.01.2018

Անկարան դատապարտում է «Սիրիայի սահմանապահ ուժեր» ստեղծելու Վաշինգտոնի նախաձեռնությունը

Թուրքիան խստորեն դատապարտում է Սիրիայի քրդերի և Վաշինգտոնի միջև խորացող համագործակցությունը: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հունվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով արևմտյան մամուլում հայտնված տեղեկություններին, որոնց համաձայն՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30-հազարանոց առավելապես քրդերից կազմված զորախումբ ստեղծել:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ զորախումբը պետք է կրի «Սիրիայի սահմանապահ ուժեր» անվանումը և վերահսկի Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից շրջանները:

«Նման նախաձեռնությունները, որոնց հիմքում համագործակցությունն է [քրդական] «Ժողովրդավարական միություն կուսակցության/Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի հետ, հակասում են Միացյալ Նահանգների կողմից ստանձնած պարտավորություններին, վտանգում են Թուրքիայի ազգային անվտանգությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Մենք դատապարտում ենք այս սխալ մոտեցումը և մեկ անգամ ևս հիշեցնում, որ Թուրքիան հակված է և ի վիճակի է չեզոքացնել երկրին սպառնացող ցանկացած վտանգ»,- նշված է երկրի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ BalkanEU.com-ի

19:15 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները