ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանական ընկերության հետ ստորագրվեց Բագրատաշենի կամրջի շինարարության մասին պայմանագիրը
21:15 15.01.2018

Իրանական ընկերության հետ ստորագրվեց Բագրատաշենի կամրջի շինարարության մասին պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում իրանական Ariana Tunnel Dam Co. (Iran) ընկերությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 15-ին տեղի ունեցավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարության պայմանագրի ստորագրումը։ Հայկական կողմից այն վավերացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իրանական կողմից՝ Ariana Tunnel Dam Co. (Iran) ընկերության նախագահ Ալի Մուսավին:

Փաստաթղթի ստորագրմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։ Ողջունելով իրանական շինարարական կազմակերպության մուտքը Հայաստան՝ Նախարարը կարևորեց, որ աշխատանքները կատարվեն բարձր որակով և ժամանակին։

«Այս մրցույթի հաղթանակը առաջին քայլը համարենք և հուսանք, որ իրանական ընկերությունները հետագայում ևս կմասնակցեն Հայաստանում իրականացվող նախագծերին, ներդրումային ծրագրերին, մասնավորապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածում նախատեսվող թունելների շինարարությանը»,- ասել է Վահան Մարտիրոսյանը։

Ariana Tunnel Dam Co. շինարարական ընկերության ներկայացուցիչները Նախարարին վստահեցրին, որ կաշխատեն լավագույն որակով:

Օրաթերթը նշում է, որ կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։

Մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են և անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական Ariana Tunnel Dam Co. (Iran) ընկերությունը` 7.393.347.95 Եվրո (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով:

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

21:15 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները