ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի Ներքին Հանդում միայնակ մայրը մեծացնում է 4 անչափահաս երեխաների
21:55 15.01.2018

Սյունիքի Ներքին Հանդում միայնակ մայրը մեծացնում է 4 անչափահաս երեխաների

Գյուլնարա Հոռոմսիմյանը միայնակ մայր է: Արդեն 5 տարի է՝ չորս անչափահաս երեխաների հետ նա վարձով ապրում է Սյունիքի մարզի Ներքին Հանդի բնակավայրում: Նախկինում ընտանիքն ապրել է Ալավերդիում: Տեղափոխվելուց հետո ի հայտ են եկել բազմաթիվ կենցաղային և ֆինանսական խնդիրներ:

Գյուլնարան աշխատում է գյուղի դպրոցում, բայց ասում է, որ դպրոցների օպտիմալացումից հետո հնարավոր է նաև այդ աշխատանքը կորցնի և հոգսերն էլ ավելի կշատանան:

«Նախկինի պես չեմ կարողանում այգում աշխատել, հողագործությամբ զբաղվել, վատառողջ եմ, բայց հանուն իմ երեխաների պատրաստ եմ ամենածանր բեռը կրել իմ ուսերին»,- ասում է Գյուլնարան:

Տան ամենափոքր անդամը 7 տարեկան է: Որդիները գյուղատնտեսական աշխատանքներն են անում, փայտ են բերում, իսկ 14-ամյա աղջիկն էլ մորն է օգնում կենցաղային գործերում:

Գյուլնարան նշում է, որ իր ամենամեծ երազանքն իր երեխաներին երջանիկ տեսնելն է և նրանց երազանքները իրակություն դարձնելը:

«Ինչ-որ փոփոխություն եմ ուզում, բայց չի լինում, չի ստացվում, ամեն ինչի համար գումար է պետք գալիս: Պարտքեր ունեմ, էդ պարտքերն էլ հացի պարտք է: Հաց եմ գնել, որ իմ երեխան սոված չմնա: Նպաստը ստանում եմ, քիչ –քիչ պարտքերը մարում»,- հուզված պատմում է նա:

Zangezur.TV-ի այն հարցին, թե երեխաներն ինչ երազանք ունեն,  պատասխանեցին, որ ցանկանում են լավ ապրել և իրենց մորը երջանիկ տեսնել:


Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

21:55 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները