ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հենոն չի մասնակցել «Ստոքի» դեմ խաղին
18:15 16.01.2018

Հենոն չի մասնակցել «Ստոքի» դեմ խաղին

«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի բացատրությունը, թե ինչու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց «Ստոք Սիթի»-ի դեմ խաղին, կասկածներ է հարուցում: Այս գիշեր կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումից առաջ ամեն ինչ տանում էր նրան, որ Մխիթարյանը մասնակցելու է: Այդ մասին Մոուրինյոն ասել էր հանդիպումից առաջ, նույնիսկ ակնարկել էր, որ մեկնարկային կազմում է լինելու, և այդ մասին լրատվամիջոցները վստահորեն գրում էին:

«Նա խաղացել է Գավաթի խաղարկության «Դերբիի» դեմ խաղում, և հավանական է, որ կխաղա նաև այս խաղում: Նա մեր խաղացողն է: Շատ լավ խաղացող է: Շաբաթ օրը մարզվել է, կիրակի ընտրվել է, երկուշաբթի կխաղա»,- ասել էր Մոուրինյոն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Մխիթարյանը տրամադրված է եղել «Ստոք Սիթի»-ի դեմ խաղին: Անցած ողջ շաբաթվա ընթացքում նա թիմի կազմում մասնակցում էր Դուբայում ընթացող կարճաժամկետ ուսումնամարզական հավաքին: Սոցցանցերում նրա տեղադրած լուսանկարներից էլ երևում էր, որ բարձր տրամադրություն ունի:

Այն, որ նա պատրաստ է եղել այս հանդիպմանը, երևում է նաև նրա քրոջ՝ Մոնիկա Մխիթարյանի հրապարակումներից: Երեկ՝ հունվարի 15-ին՝ խաղից ժամեր առաջ, ինստագրամի story բաժնում նա տեղադրել էր եղբոր լուսանկարը՝ ««Մանչեստեր Յունայթեդն» ընդդեմ «Ստոք Սիթիի»» գրառմամբ: Կարելի է եզրակացնել, որ Մխիթարյանին հայտացուցակից դուրս թողնելու որոշումը կայացվել է հանդիպումից անմիջապես առաջ:

Մոուրինյոյի խոսքով ինքը պարզապես չի ցանկացել, որ ֆուտբոլիստը, որի ապագան անորոշ է և որը 100%-ով կենտրոնացած չէ իր ներկայիս թիմի վրա, ավելորդ ճնշում զգա: Այս բացատրությունը, սակայն համոզիչ չէ. մինչև այս էլ ավելի քան 2 ամիս Մխիթարյանի ապագան ՄՅՈՒ-ում մշուշոտ էր, բայց երբեմն նա խաղաժամանակ ստանում էր: Իսկ այս անգամ դուրս մնաց հայտացուցակից, երբ ինքը՝ Մոուրինյոն, հասկացնել էր տվել, որ մեկնարկային կազմում է լինելու:

Հաշվի առնելով, որ նախկինում Մխիթարյանն ու Մոուրինյոն վիճել են՝ կարելի է ենթադրել, որ այս անգամ էլ կարող էր նման բան տեղի ունեցած լինել: Հնարավոր է, նաև, որ մարզիչը պարզապես ցանկացել է խաբել լրագրողներին: Նրա վատ հարաբերությունները ԶԼՄ-ների հետ գաղտնիք չեն, և պորտուգալացին հաճախ է փորձում ինչ-որ բաներ ապացուցել լրագրողների: Հնարավոր է նաև, որ անմիջապես խաղից առաջ Մխիթարյանը համաձայնության է եկել իր նոր թիմի հետ և այլևս ՄՅՈՒ-ի անդամ չէ: Ըստ լրատվամիջոցների՝ ՀՀ հավաքականի ավագը շուտով «Արսենալ»-ի խաղացող է դառնալու. նա լոնդոնյան թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի՝ «Յունայթեդ» տեղափոխության գործարքի մաս է կազմելու»,- ամփոփում է ՀԺ-ն:

Լուսանկարը՝ FourFourTwo.com-ի

18:15 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները