ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Սովորողները որոշ կրեդիտներ դպրոցում կարող են հավաքել և բակալավրիատում սովորել ոչ թե 4, այլ 3 տարի». Էդուարդ Ղազարյան
19:15 16.01.2018

«Սովորողները որոշ կրեդիտներ դպրոցում կարող են հավաքել և բակալավրիատում սովորել ոչ թե 4, այլ 3 տարի». Էդուարդ Ղազարյան

«Բարձրագույն կրթության մասին» օրինագծի հեղինակները հանրային քննարկմանն այդպես էլ լիարժեք հիմնավորումներ չներկայացրին նախագծի դրույթների վերաբերյալ: Այս մասին ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ասել է «Երկիր մեդիայի» եթերում՝ անդրադառնալով գիտության հիմնախնդիրներին, փոխանցում է Tert.am-ը:

Օրինագծով նախատեսվում է վերացնել հեռակա ուսուցման համակարգը, ուսանողին հնարավորություն տալ, որ ինքը որոշի, թե քանի տարում է ցանկանում ավարտել ուսումնառությունը, համատեղել մեկից ավելի բուհում իր ուսումնառությունը: Արմատապես փոխվելու են նաև ընդունելության քննությունների կարգը: Բուհերն իրենք են որոշելու մրցույթի կարգը, իրենք են կազմակերպելու մրցույթը, անցողիկ շեմերը և այլն: Այստեղ ամեն մասնագիտություն ուսանելու իր ժամկետն է ունենալու:

Ի՞նչ է փոխվելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների կյանքում օրենքի այս տեսքով ընդունումից հետո` հաշվի առնելով, որ արդեն հանրային լայն քննարկումներ կազմակերպվել են:   

«Ինտեգրված ուսուցումը, կարծում եմ, որ նախատեսում է հաշվի առնել նաև հանրակրթական դպրոցը, ավագ դպրոցը համենայնդեպս: Ենթադրում եմ, որ սովորողները որոշ կրեդիտներ դպրոցում կարող են հավաքել և բակալավրիատում սովորել ոչ թե 4, այլ 3 տարի: Ավագ դպրոցում հոսքային ուսուցում է, հիմնականում երկրորդ կիսամյակում մի քանի առարկա են սովորում, կարող էին ծրագրով առաջ ընկնել և, օրինակ, ֆիզմաթ դպրոցում ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ծրագրերն այնպես կազմակերպել, որ նրանք առաջին կուրսի ծրագրերը յուրացնեին, որով կթեթևանար բակալավրի ծրագիրը և նրանք կավարտեին 3 տարում»,- ասել է Էդուարդ Ղազարյանը:

Ըստ նրա՝ նախագծում արտացոլված չեն գիտության խնդիրները, գիտության խնդիրների համար այլ ծրագիր է մշակվել «Գիտության և գիտատեխնիկական գործունեության» մասին, որը շրջանառության մեջ դրվեց, բայց հիմա ինչ-որ իմաստով կասեցվել է:

«Այստեղ հակասող կարծիքները շատ էին և շատ դեպքերում այս նախագծերն իրար նաև ծածկում են, հատկապես գիտական աստիճանների հետ կապված հարցերով: Սովորաբար երբ որ ես նոր նախագիծ եմ տեսնում, ուզում եմ պատկերացնել, թե ինչով է պայմանավորված նոր օրենքի անհրաժեշտությունը: Այստեղ, կարծում եմ, որ երեք կարևոր դրսևորում կար: Չէր բավարարում առաջին հերթին բուհերի կառավարման համակարգը, խիստ անհրաժեշտություն էր առաջացրել ավելի ճկուն կառավարման համակարգ ստեղծել և փորձել են այս նախագծում դա արտացոլել»:

ԿԳ նախկին նախարարը հիշեցրել է, որ 2016թ. Կառավարության կողմից ընդունվել է կրթության որակավորումների ազգային շրջանակը, որն ունի կառուցվածք և նկարագրիչներ յուրաքանչյուր կրթական մակարդակի համար: Բարձրագույն կրթության մակարդակները 3-ն էին, ընդհանուր առմամբ 10 տարի տևողությամբ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

«Այս նկարագրիչները շատ կարևոր դեր ունեին՝ նկատի ունենալով, որ այսուհետև ոչ թե յուրաքանչյուր մասնագիտության համար վերևից դրվում է ինչ առարկաներ պետք է դասավանդվեն, ինչ ժամաքանակով, այլ տրվում են նկարագրիչներ, թե այդ որակավորում ստացող մասնագետն ինչ իմացություն պետք է ունենա, ինչ կարողություններ, ինչ հմտություններ: 5 նկարագրիչ էր տրված: Այդ դեպքում բուհին է թողնվում դասընթացների, առարկաների ընտրությունը, որպեսզի ապահովեն այդ նկարագրիչները: Սա նաև բուհի ինքնավարության բարձրացում է»,- վստահեցրել է Էդուարդ Ղազարյանը:

Լուսանկարը՝ Boon.am-ի

19:15 16.01.2018