ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հերմինե Նաղդալյանը` ԵԽԽՎ-ն լքելու և Արփինե Հովհաննիսյանի հետ հակասությունների մասին
18:55 17.01.2018

Հերմինե Նաղդալյանը` ԵԽԽՎ-ն լքելու և Արփինե Հովհաննիսյանի հետ հակասությունների մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հունվարի 17-ին Հերմինե Նաղդալյանն ասել է, որ ի սկզբանե իմացել է, որ ԵԽԽՎ-ում ժամանակավոր է լինելու, ինչին զուգահեռ նշանակվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար:

«Այս խորհրդարանի մեկնարկի ժամանակ մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ Նախագահի հետ եղել է այսպես՝ քանի որ նոր պատվիրակություն է ձևավորվել ու դրանում կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն: Սա նախատեսված է նաև ԵԽԽՎ կանոնակարգով: Յուրաքանչյուր երկիր, որտեղ նոր խորհրդարան է ձևավորվում, հին պատվիրակությունը կամ դրա որոշ անդամներ 6 ամսով հնարավորություն և իրավունք ունեն շարունակել իրենց աշխատանքը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ ընդգծել է Նաղդալյանը:

Անդրադառալով իր և ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի միջև եղած տարաձայնությունների մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Նաղդալյանն ընդգծել է, որ ինքը գալիս է Խորհրդարան՝ աշխատանքի և անձնական հարաբերություններն աշխատավայր չի տեղափոխում:

«Որևէ մեկի հետ հակասություն չունեմ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այլ տիպի հարաբերությունները բերում են անձնական դաշտ կամ նախասիրություններով առաջնորդվում: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրին պիտի գնահատել աշխատանքի որակով»,– եզրափակել է Հերմինե Նաղդալյանը:

Ազգային ժողովի խորհրդի՝ հունվարի 12-ին կայացած նիստում որոշում է կայացվել, որ Հերմինե Նաղդալյանին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Լուսանկարը՝ Zham.am-ի

18:55 17.01.2018