ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահման
14:15 18.01.2018

Թուրքիան հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահման

Հունվարի 16-ին Թուրքիայի զինուժը հատուկ նշանակության ուժերի՝ «կոմանդոսների», խումբ է ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Զինծառայողները համալրել են Հաթայի Հասսա և Ռեյհանլը գավառի ԶՈւ ստորաբաժանումները: Նրանց հետ միասին թուրք-սիրիական սահման են ուղարկվել նաև զրահամեքենաներ, գրում է «Ռազմ.ինֆո»-ն:

«Նշենք, որ վերջին մի քանի օրերին Թուրքիան ակտիվացրել է Սիրիայի հետ սահմանը նոր զինտեխնիկայով և զինծառայողով համալրելու գործընթացը:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գործում են քրդական ուժերի 3 ինքնավար շրջան՝ կանտոններ: Դրանք վերահսկում են «Ժողովրդավարական միության կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է «ահաբեկիչներ և սպառնալիք Թուրքիայի համար»:

Քրդական ուժերին աջակցում է Միացյալ Նահանգները: Ներկայում տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայում քրդերից և արաբներից «անվտանգային ուժեր» ստեղծել: Այս տեղեկությունները «խիստ բարկացրել է» Թուրքիայի իշխանություններին: Այդ երկրի նախագահ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրում է «ահաբեկչների բանակ» ստեղծելու մեջ:

Միևնույն ժամանակ թուրքական կողմը շարունակում է հայտարարել, որ ցանկացած պահի «նոր գործողություններ կարող է սկսել» Սիրիայի հյուսիսում ընդդեմ քրդական ուժերի»,- ամփոփում է «Ռազմ.ինֆո»-ն:

Լուսանկարը՝ Reuters.com-ի

14:15 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները