ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիայի քրդական անկլավներ
17:35 18.01.2018

Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիայի քրդական անկլավներ

Թուրքիայի Գլխավոր շտաբը կարգադրել է բարձր մարտունակության բերել Սիրիայի հետ սահմանին տեղակայված զորքերը քրդական ուժերի դեմ սիրիական Աֆրինում հնարավոր գործողության հեռանկարով:

Թուրքական Հաթայ գավառի Հասսա և Կըրըկղան շրջաններում տանկեր են կուտակվել: Նշվում է, որ Աֆրինում հնարավոր ռազմական գործողության հարցը մնում է օրակարգում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն Anadolu-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Հունվարի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը կարող է մեկ շաբաթվա ընթացքում գործողություն սկսել Մանբիջ և Աֆրին շրջաններում, որոնք վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG:

Vatan թերթը ռազմական աղբյուրների վրա հղումով գրել է, որ սկզբից Թուրքիան գործի կդնի ավիացիան՝ հարվածներ հասցնելով 149 թիրախի: Նույն աղբյուրը ենթադրում է, որ նախատեսվում է կիրառել սահմանին տեղակայված հրետանին:

Քրդական ուժերի հիմնական հենակետային ուժերը ոչնչացնելուց հետո Թուրքիան ցամաքային գործողություն է նախատեսում: Աֆրին կմտցվեն սահմանային գոտում տեղակայված զրահատեխնիկան և բանակի հատուկ ջոկատային ուժերը: Թուրք զինվորականները կկարողանան գրոհել քրդերին 3 ուղղությամբ:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը:

Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ-ի հետ:

Լուսանկարը՝ SouthFront.org-ի

17:35 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները