ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«11 տարի արդարություն ու խիղճ ենք փնտրում ու չենք գտնում». Անթալիայի թուրք նահանգապետ
13:35 19.01.2018

«11 տարի արդարություն ու խիղճ ենք փնտրում ու չենք գտնում». Անթալիայի թուրք նահանգապետ

Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարին:

«Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցի առթիվ Անթալիայի նահանգապետ Ֆաթմա Քայաօղլին հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Քայաօղլին նշել է.«Հրանտ Դինքի սպանությունից անցավ 11 տարի: Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլև քուրդ, թուրք, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, իսլամ, եզդի: Նա կրում էր ժողովուրդների համերաշխության ընդհանուր բարությունը»:

Նահանգապետը հայտարարության մեջ նշել է նաև, որ Թուրքիայի մեջ ազգայնական դրսևորումները հաճախ օրինական բնույթ են կրում հետևաբար ազգայնամոլների հարձակումները դիտարկվում են որպես ժողովրդի բնական արձագանք: Ըստ Քայաօղլիի՝ Դինքը դարձել է հենց այդպիսի ազգայնական արձագանքի զոհ:

«Արդեն 11 տարի արդարություն ու խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում: 11 տարի է՝ դիմում ենք դատաիրավական համակարգին, կառավարությանը, խորհրդարանին, սակայն արդյունք չկա: 11 տարի մենք փողոցում էլ խոսում ենք մարդասպանների մասին, որ այս սպանության հետևում են, թիկունքում, սակայն մեզ լսողներ չկան: Հրանտին սպանողներին ու նրանց աջակիցներին պետք է հայտնենք, որ նման սպանություններ այլևս մի փորձեք իրականացնել, այս հողերի վրա բազմաթիվ Հրանտներ են ապրում, ու հետո էլ շարունակելու են ապրել»,- ասել է Անթալիայի նահանգապետն իր հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում, գլխին արձակված 3 կրակոցից: Կրակելիս սպանողը բարձրաձայն արտաբերել էր «Գյավուր»՝ թշնամի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ սպանությունը տեղի էր ունեցել ազգայնական հողի վրա: 2012-ին, դատարանի որոշմամբ, Դինքի սպանության կազմակերպիչ Եասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը՝ 22 տարվա ազատազրկման: 2014-ին Պոլսի ծանր հանցագործությունների դատարանը որոշեց վերաքննել Դինքի սպանության գործը:

Լուսանկարը՝ HrantDink.org-ի

13:35 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները