ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
17:15 19.01.2018

Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում այսօր՝ հունվարի 19-ին, կայացել է հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը:

«Հայկական ժամանակ»-ը, Մատենադարանի պաշտոնական կայքէջին հղում կատարելով, փոխանցում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը՝ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկում և հաստատում, խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն, տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու հարցը և այլն:

Նիստին ներկա են եղել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի բոլոր 19 անդամները։ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Իսկ խորհրդի քարտուղար է ընտրվել, ի դեպ, դարձյալ միաձայն, Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը:

Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը: Թափուր պաշտոնը համալրելու համար համապատասխան հայտարարությունն, ըստ օրաթերթի տեղեկությունների, կհրապարակվի առաջիկայում: Սակայն անկախ իրավական ընթացակարգերից ու պաշտոնում ընտրությունը մրցութային կարգով լինելու հանգամանքից, արդեն իսկ կանխատեսվում է, որ Մատենադարանի տնօրենի պաշտոնում ընտրվելու է առայժմ տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Նա պատմաբան է, եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Լուսանկարը՝ Gala.TV-ի

17:15 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները