ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը
17:55 19.01.2018

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: 

Լավագույն ստեղծագործությունները և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Էդուարդ Հայրապետյանը «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Մհեր Մկրտչյանը (ռեժիսոր), Վահագն Հակոբյանը (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանը (դերասան), Ռուբեն Ջաղինյանը (պրոդյուսեր) և Կարեն Ղազարյանը (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լևոն Ազնաուրյանը (հետմահու) և Սուրեն Հակոբյանը (շինարար)՝ Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Համլետ Ավետիսյանին՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» աշխատանքի համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին, ինչպես նաև իրենց առաջարկությունները հնչեցրել մրցանակակիրների ընտրության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

2017 թվականի պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:

Պետական մրցանակները հանձնելուց հետո Հանրապետության Նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել մրցանակակիրներին:

Նախագահի շնորհավորական խոսքը՝ այստեղ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի Մամուլի և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

17:55 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները