ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Դավոսում Հայաստանը մաս է կազմելու գլոբալ օրակարգի վերաբերյալ քննարկումներին». վարչապետի մամուլի քարտուղար
20:35 19.01.2018

«Դավոսում Հայաստանը մաս է կազմելու գլոբալ օրակարգի վերաբերյալ քննարկումներին». վարչապետի մամուլի քարտուղար

Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին Հայաստանի մասնակցությունը, իհարկե, շատ կարևոր է, և մենք մաս ենք կազմելու գլոբալ օրակարգի վերաբերյալ քննարկումներին՝ լսելի դարձնելով Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ: 

Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը՝ ի պատասխան հարցի, թե Շվեյցարիայում հունվարի 22-25-ը դավոսյան ֆորումին մասնակցող ՀՀ վարչապետի ելույթն ինչ շեշտադրումներ է ունենալու:

Նա նշեց՝ այս հարթակը լավ հնարավորություն է մեկ վայրում հանդիպումներ ունենալ բազմաթիվ երկրների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այդ առումով վարչապետի օրակարգը շատ հագեցած է ու ծանրաբեռնված: 

«Դավոսի ֆորումը մի միջավայր է, որտեղ ստեղծվում են միջազգային հարաբերություններ, սկսում են շփումներ ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև բիզնեսների միջև, խոշոր ընկերությունների հետ»,- մեկնաբանեց Արամ Արարատյանը:

Ամփոփելով՝ նա վստահություն հայտնեց, որ մեր մասնակցությունը շատ կարևոր և շատ արդյունավետ է լինելու:

Հավելվեց, որ իրականում վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրելու ու այցը կազմակերպելու համար երկար ամիսների աշխատանք է տարվել:

Լրատվակայքը նշում է, որ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանը:

20:35 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները