ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017թ. պետական բյուջեն գերակատարվել է». Վարչապետ
20:55 19.01.2018

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017թ. պետական բյուջեն գերակատարվել է». Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018թ. անելիքներին:

Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը հանրության բարեկեցության բարձրացմանը միտված քաղաքականության շրջանակում իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության, բարելավում և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման, արդյունավետության բարձրացում:

Վարդան Արամյանի խոսքով այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, հիմնականում իրականացվել են: 2017թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով:

Վ. Արամյանի խոսքով 2018թ. սկսած պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ (օրենքների նախագծերի փաթեթը 2017թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում կայացած նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ), ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ: Պետական ֆինանսների կառավարման ոլորտում Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է կարգապահության բարձրացմանը միտված 2 խումբ գործողություններ (գործընթացների պարզեցում և տեղեկատվական համակարգերի ընդլայնում), և 2018թ. շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքը և´ կարճաժամկետ, և´ երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովելու նպատակով:

Նախարարը զեկուցել է, որ, օրինակ, գնումների ոլորտում տեղեկատվական համակարգերի դաշտն էական ընդլայնվել է, և շուրջ 3 անգամ ավելացել է այդ համակարգերից օգտվող պատվիրատու մասնակիցների թիվը: Վ. Արամյանը տեղեկացրել է, որ 2017թ. նախարարությունն ակտիվ աշխատել է հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, նաև էական քայլեր են իրականացվել աշխատակազմ բարձրակարգ կադրեր ներգրավելու ուղղությամբ. 137 երիտասարդ մասնագետ համալրել է Նախարարության աշխատակազմը: 

Այնուհետև պատասխանատուները վարչապետ Կարապետյանին մանրամասն զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Նախ և առաջ ներկայացվել են մակրոտնտեսական քաղաքականության, բյուջետային շրջանակի և պետական պարտքի ոլորտներում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ Ֆինանսների նախարարության գնահատականներով 2017թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

2017թ. արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը ՀՀ Ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2017թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով: Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով:

2017թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1417.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 2.2 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1,2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 13,0 տոկոսով։ Զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է 180.2 մլրդ դրամ՝ ՀՆԱ 3.3 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։

Շարունակությունը՝ այստեղ:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

20:55 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները