ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա
14:55 20.01.2018

Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի մամուլի և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, որին հղումով փոխանցում է  «Հայկական ժամանակ»-ը, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Նախագահ Սարգսյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպում կունենա քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

Լուսանկարը՝ Tert.am-ի

14:55 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները