ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Լավրովը հերքել է սիրիական Աֆրինից ռուսական զորքերի հեռանալու մասին լուրերը
16:55 20.01.2018

Լավրովը հերքել է սիրիական Աֆրինից ռուսական զորքերի հեռանալու մասին լուրերը

Սիրիայի քրդաբնակ Աֆրինից ռուսական զորքերի հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այդ հաղորդագրությունները հերքվել են»,- ասել է նա՝ մեկնաբանելով Աֆրինից ռուս դիտորդներին դուրս բերելու վերաբերյալ հաղորդագրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Թուրքական Anadolu գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս զինծառայողները հեռանում են սիրիական Աֆրինից, որտեղ թուրքական ԶՈւ-ն մտադիր է ցամաքային ռազմական գործողություն սկսել սիրիացի քրդերի դեմ: Անկարան հայտարարել էր նաև, թե համաձայնեցնում է իր գործողությունները Սիրիայում Մոսկվայի հետ:

Մի քանի օր է, ինչ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են Թուրքիայի կողմից քրդերի դիրքերը գնդակոծելու մասին: Թուրքիան նաև տանկեր և այլ ռազմատեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանքիլին AHaber հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ սկսվել է գրոհը YPG ուժերի դեմ, որի մասին հայտարարվել էր մի քանի օր առաջ՝ նշելով, սակայն, որ թուրք զինվորականները դեռ չեն հատել սահմանը:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը: Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ-ի հետ:

Լուսանկարը՝ YPGRojava.org-ի

16:55 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները