ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Տեղի է ունեցել Արցախի ՊՆ, ՊԲ ռազմական խորհրդի նիստ
19:35 23.01.2018

Տեղի է ունեցել Արցախի ՊՆ, ՊԲ ռազմական խորհրդի նիստ

Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: Նիստին ներկա էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարներն ու առանձին ոլորտների պատասխանատուները, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ծավալուն և համապարփակ զեկույցով, որում անդրադարձ է կատարվել 2017 թվականի ընթացքում զորքերի պատրաստության պլանով կատարված աշխատանքների արդյունքներին: Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ՊԲ-ում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով, մասնավորապես որպես Ապրիլյան պատերազմից հետո սկսված համակարգային գործընթացների տրամաբանական շարունակություն՝ ամրապնդվել է առաջնային գիծը, իրականացվել են ինժեներական լրակահավորման ծավալուն աշխատանքներ, կատարելագործվել են կրակային դիրքերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ղեկավարման համակարգի կատարելագործման, ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացման, ՊԲ-ը սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներով համալրելու, եղածը արդիականացնելու, զորատեսակների և ստորաբաժանումների փոխգործակցության ու ներդաշնակման և մյուս բոլոր ուղղություններով: Իհարկե, նշված ժամանակահատվածում, առանձին ոլորտներում արձանագրվել են նաև որոշակի թերացումներ և բացթողումներ, սակայն դրանց վերացման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքները բացառել են վերը նշված երևույթների բացասական ազդեցությունը բանակի ընդհանուր մարտունակության վրա:

Պաշտպանության նախարարի համոզմամբ Հանրապետության զինված ուժերը կատարել են 2017 թվականի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ևս մեկ տարի՝ նաև պայմաններ ստեղծելով ՊԲ-ի հզորացման գործընթացը հետագայում առավել բարձր նշաձողի հասցնելու առումով:

Այնուհետև հրապարակվել է ՊԲ-ի հրամանատարի ամփոփիչ հրամանը, որի համաձայն՝ 2017 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքներով առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զորամասերը, զորատեսակներն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, արժեքավոր նվերներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտից հետո, ռազմական խորհրդի մասնակիցներին և ՊԲ-ի բոլոր զինծառայողներին ուղղված խոսք է ասել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով անդրադառնալով ընթացիկ տարվա կարևորագույն խնդիրներին՝ վստահեցրել է, որ ինչպես պաշտպանական համակարգի հետագա ամրապնդման, այնպես էլ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ հանրապետության բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

19:35 23.01.2018

Ամենաշատ ընթերցվածները