ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ-ն ու Արցախը ստորագրել են մշակույթի ոլորտում փոխգործակցության հուշագիր
16:35 03.02.2018

ՀՀ-ն ու Արցախը ստորագրել են մշակույթի ոլորտում փոխգործակցության հուշագիր

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մայր Հայաստանի և Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարևորելով այս ասպարեզում դրական դինամիկայի պահպանումը նաև ապագայում:

Այունհետև փետրվարի 3-ին Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ Մշակույթի նախարարության միջև ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը կարևորվում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներում, Արցախի Հանրապետության պատմամշակութային և բնապատմական արգելոցների զարգացման ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ:

Ըստ հուշագրի` նախատեսվում է նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտի վերաբերյալ գիտահանրամատչելի գրականության համատեղ հրատարակում, ՀՀ նախարարության կողմից աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, գտածո հնագիտական նյութերի մաքրման և վերականգնման գործում, համատեղ ցուցահանդեսների և գիտական կոնֆերանսների կազմակերպում, ինչպես նաև հրատապ հնագիտական պեղումների և հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում և իրականացում:

Այս ամենը  կյանքի կոչելու նպատակով  կհաստատվի ոլորտային համագործակցության միջոցառումների ծրագիր և կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար  կհանդիպեն ու կքննարկեն աշխատանքների ընթացքը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի մամլո ծառայություն

16:35 03.02.2018

Ամենաշատ ընթերցվածները