ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Նազարբաևի խնամին ֆինանսավորում է Շուշիի մզկիթի վերանորոգումը
19:35 07.02.2018

Նազարբաևի խնամին ֆինանսավորում է Շուշիի մզկիթի վերանորոգումը

«Հայաստանի զարգացման նախաձեռնությունների» (IDeA) հիմնադրամի՝ օրերս հրապարակած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ IDeA հիմնադրամի դոնոր, ղազախ գործարար Կայրատ Բորանբաևը ցանկություն է հայտնել գումար նվիրաբերել Շուշիի Վերին մզկիթի վերականգնման համար, մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանական մամուլում։ Այն որ Ղազախստանի նախագահի խնամին (Նազարբաևի դստեր որդին ամուսնացած է Բորանբաևի դստեր հետ) և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը սերտ կապեր ունի Հայաստանի հետ, անհանգստացնում է ադրբեջանական մեդիային։ Ալիևին աջակցող Նազարբաևի խնամու հայամետ գործունեությունը զայրացրել է նրանց։ Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ»-ում:

Մասնավորապես ադրբեջանական Trend գործակալության՝ Արցախում ղազախ բիզնեսմենի գործունեության մասին հարցմանը Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունից պատասխանել են, որ վերջինս որևէ գործունեություն Արցախում չի ծավալել։

«Մեր ունեցած ստուգված տեղեկություններով Կայրատ Բորանբաևը երբեք Արցախ չի այցելել, այնտեղ չի իրականացրել ու չի պլանավորել որևէ նախագծի ֆինանսավորում»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Հայկական ժամանակ»-ը դիմել է IDeA հիմնադրամին՝ պարզաբանումներ ստանալու Շուշիի Վերին մզկիթի ֆինանսավորման ու դրանում Բորանբաևի ներդրման մասին։ Օրաթերթին ուղարկված պատասխանից հայտնի է դառնում, որ 2015 թվականին հիմնադրամի դոնոր, գործարար Կայրատ Բորանբաևը Հայաստան և Արցախ կատարած այցի ժամանակ ցանկություն է հայտնել իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մզկիթի վերականգնման գործում և այդ նպատակով խոշոր հանգանակություն է կատարել։

Այստեղից պարզ է դառնում, որ Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան հայտարարությունը, թե Կայրատ Բորանբաևը չի եղել Արցախում ու այնտեղ գործունեություն չի ծավալել, իրականությանը չի համապատասխանում։ Մզկիթի վերականգնման ծրագիրը սկսվել է 2015թ.-ին, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018թ.-ի աշնանը։

Օրաթերթը նշում է, որ Կայրատ Բորանբաևը IDeA հիմնադրամի ու «Ավրորա» մրցանակաբաշխության դոնորներից է։ 

Բորանբաևը 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ղազախստանի 50 ամենահարուստ մարդկանց ցանկում, նրա կարողությունը գնահատվում է 430 միլիոն դոլար:

Լուսանկարը՝ Kapital.kz-ի

19:35 07.02.2018

Ամենաշատ ընթերցվածները