ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում Իրանը ռազմաբժշիկներ է ուղարկել Իրաք և Սիրիա
18:55 28.02.2018

Ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում Իրանը ռազմաբժշիկներ է ուղարկել Իրաք և Սիրիա

Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը (ԻՀՊԿ) ռազմաբժիշկների խմբեր է ուղարկել այդ երկրներ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ առողջապահության և բժշկական կրթության հարցերով տեղակալ, գեներալ Ահմադ Աբադոլլահին։ Այս մասին փետրվարի 26-ին տեղեկացրել է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ Աբադոլլահիի՝ ռազմաբժիշկները Սիրիա և Իրաք ուղարկվել են այդ երկրների խնդրանքով։ Այլ մանրամասներ Աբադոլլահին չի հայտնել, փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն։

Մասնագիտացված լրատվակայքը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ 2017 հուլիսին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած պայքարում Իրանը աջակցել է Իրաքին՝ սպառազինություն մատակարարելով այդ երկրին։

Ռոուհանիի հայտարարության համաձայն՝ «Իրանը նաև հոգացել է Սիրիայի կարիքները»։

Իրաքին զենքով ապահովելու մասին մինչ այդ  հայտարարել էր նաև «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Իրանը համարվում է Իրաքի և Սիրիայի դաշնակիցը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Սակայն Իրանը մշտապես հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այս երկրներում և իր օգնությունը որակում է որպես «խորհրդատվական»։ Իսկ Սիրիայում և Իրաքում զոհվող իրանցի մարտիկները, ըստ Իրանի, կամավորներ են։

Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Լուսանկարը՝ TasnimNews.com-ի

18:55 28.02.2018

Ամենաշատ ընթերցվածները