ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Բելառուսը հետաքրքրված է «Մեղրի» ԱՏԳ-ի շուրջ համագործակցությամբ
16:35 02.03.2018

Բելառուսը հետաքրքրված է «Մեղրի» ԱՏԳ-ի շուրջ համագործակցությամբ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին բելառուսական տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են առկա պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, այդ թվում՝ Բելառուսական զարգացման բանկի հետ փոխգործակցությանը։ 

Նշվել է, որ բանկի ներկայացուցիչները առաջիկա ամիսներին կայցելեն Հայաստան՝ Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի հետ փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով։

Քննարկվել են նաև դեպի երրորդ երկրներ արտահանման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծվող հեռանկարները, արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը և մի շարք այլ օրակարգային հարցեր։

Սուրեն Կարայանը և Դմիտրի Կորչիկը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են գործարար պատվիրակության այցի մանրամասները, անհրաժեշտ հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Սուրեն Կարայանը նշել է, որ հետևողական է լինելու այցի ընթացքին և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից։

Բելառուսից ժամանած գործարարների խմբի համար հանդիպումներ են նախատեսվում պետական գերատեսչություններում և մասնավոր ընկերություններում՝ քննարկելու տրանսպորտային միջոցների հավաքման արտադրության, գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Մամուլի ծառայություն

16:35 02.03.2018

Ամենաշատ ընթերցվածները