ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ֆրանկոֆոնիայի միամսյակ. Կինո, երաժշտություն, թատրոն, գաստրոնոմիա
18:35 05.03.2018

Ֆրանկոֆոնիայի միամսյակ. Կինո, երաժշտություն, թատրոն, գաստրոնոմիա

Մարտի 12-ից ապրիլի 12-ը Երևանում կայանալիք «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրի» 2018-ի տարվա շրջանակներում Ֆրանսիայի դեսպանությունը կներկայացնի ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

«Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տեղի ամրապնդման գործում, լեզու, որով խոսում է շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում, որը համարվում է 3-րդ աշխատանքային լեզուն, համացանցի 4-րդ լեզուն, աշխարհում խոսվող 5-րդ լեզուն է և միակը՝ անգլերենի հետ միասին, որ գործածվում է 5 մայրցամաքներում»,- նշել է դեսպանը, հայտնում է Panorama.am-ը։

Ժոնաթան Լաքոտի խոսքով Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի և գաստրոնոմիայի միջոցով:

«Ծրագիրը կբացվի մարտի 12-18-ը Մոսկվա կինոթատրոնում, Շվեյցարիայի դեսպանության և Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնով։

Ուշադրության կենտրոնում կլինեն նաև գաստրոնոմիան և պատկերապատումը, որի շրջանակներում մարտի 19-22-ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի այցը։ Մյուս միջոցառումը «Et en plus je parle français…en Arménie !» (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն … Հայաստանում) տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի 2018թ. մարտի 20-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային նորությունների կայքում:

Մրցույթը կնպաստի հանրության լայն շրջանակներում և մասնավորապես երիտասարդության շրջանում ֆրանսերեն լեզվի կիրառման խթանմանը։ Լավագույն 6 թեկնածուները հնարավորություն կստանան լուսանկարվել պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից և դառնալ Հայաստանում ֆրանսերեն լեզվի դեսպանները (նրանց լուսանկարները կցուցադրվեն Երևանի փողոցներում)։ Առաջին մրցանակը շահած մասնակիցը կստանա Ֆրանսիա ճանապարհորդելու հնարավորությունը»,- մանրամասնել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ մարտի 30-ին և 31-ին Գյումրին կհյուրընկալի Հայաստանում Պատանի ֆրանկոֆոնների թատերական ազգային 2-րդ՝ «10-ից 10» փառատոնը: «Avant-scène» ասոցիացիայի կողմից կազմակերպված այս փառատոնը, որ համախմբում է 13-19 տարեկան մոտ 100 աշակերտի, առաջարկում է ներկայացումներ, շվեյցարացի հեղինակ Էմանուել դել Պիանեի մասնակցությամբ սեմինարներ և թատերական հանդիպումներ։

«Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն Ժյուլ Մասնեի Մանոն կատակերգական օպերայով, որը կներկայացվի ֆրանսերեն տարբերակով 2018թ. ապրիլի 11-ին և 12-ին Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- եզրափակել է դեսպանը։

Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն կունենա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և ՀՀ կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆրանսիական TV5-ն այսուհետ հասանելի է «Ռոստելեկոմի» բաժանորդներին: Ֆրանսիան նաև մտադիր է ինֆորմատիկայի լիցեյ բացել Հայաստանում:

Լուսանկարը՝ B24.am-ի

18:35 05.03.2018