ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում համայնքային անասնաբույժների ինստիտուտ կներդրվի
14:35 07.03.2018

Հայաստանում համայնքային անասնաբույժների ինստիտուտ կներդրվի

Հայաստանում անասնապահության կայուն զարգացումը հնարավոր է միայն ժամանակակից գործիքներով վերազինված բարձրակարգ անասնաբույժների առկայության և անասնաբուժական ծառայությունների համալիր մատուցման դեպքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանի հետ հանդիպմանը, որի նպատակն էր գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների քննարկումը: 

Նախարար Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ կատարված օրենսդրական փոփոխության համաձայն Հայաստանում ներդրվելու է համայնքային անասնաբույժների ինստիտուտ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2017-ի դեկտեմբերին Հանրապետությունում մեկնարկած «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» եռամյա ծրագրին, որն իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 4,9 մլն եվրո:

 

14:35 07.03.2018