ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բժիշկ գիտնականները համաշխարհային վտանգավոր վարակների ցանկ են կազմել
16:55 12.03.2018

Բժիշկ գիտնականները համաշխարհային վտանգավոր վարակների ցանկ են կազմել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները զգուշացրել են, որ նոր գլոբալ համաճարակի (պանդեմիայի) բարձր հավանականություն կա, որի պատճառը կլինի դեռևս անհայտ մի վարակ, որը պայմանականորեն կոչվել է «Իքս հիվանդություն», հայտնում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Հետազոտողները կազմել են այն հիվանդությունների ցանկը, որոնք կարող են սպառնալ ամբողջ մարդկությանը: Այդ ցանկում ընդգրկվել են Նիգերիայում տարածված Լասի հեմորագիկ և Էբոլայի վիրուսային տենդերը, որոնք 2014-2015թթ. ավելի քան 11.000 մարդու կյանք են խլել: Բացի այդ, գիտնականները չափազանց վտանգավոր են համարում Մարբուրգի տենդը, Ղրիմ-Կոնգոյի տենդը, մերձավորարևելյան ռեսպիրատորային համախտանիշը, ծանր սուր ռեսպիրատորային համախտանիշն ու Զիկա հիվանդությունը:

Բժիշկները ցանկում նաև ընդգրկել են «Իքս հիվանդությունը», քանի որ համարում են, որ պանդեմիայի պատճառ կարող է դառնալ դեռևս չհայտնաբերված մի հիվանդություն, որը նույնքան մահաբեր կլինի, որքան իսպանական գրիպն էր XX դարի սկզբին: Գիտնականները մտադիր են նախապես պայքարի միջոցներ պատրաստել վտանգավոր վարակի դեմ, որպեսզի հնարավորինս արագ արձագանքեն ցանկացած պոտենցիալ սպառնալիքին:

Իսպանական գրիպը տարածված էր 1918-1919թթ.: Ըստ գիտնականների՝ վիրուսով վարակվել է 550 մլն մարդ, մահացել է 50-100 միլիոնը:

16:55 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները