ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան
20:35 12.03.2018

Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:

Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: 

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիբանան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ վարչապետ Կարապետյանը նշել է.«Լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել մեր հարթակն առավել լայն շուկաներ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտին և ԵՄ-ի հետ GSP+ առևտրային ռեժիմը: Առհասարակ այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու և մեր երկրում ներդրում կատարելու առումով»,- ասել է Վարչապետը և ներկայացրել նաև Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերը: ՀՀ Վարչապետն առաջարկել է դիտարկել նաև համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը թեթև արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։

Սաադ Հարիրին, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, նշել է, որ Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումներ իրականացնելու համար մասնավորապես ենթակառուցվածքների, այդ թվում՝ նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում: 

Հայաստանի և Լիբանանի վարչապետները քննարկել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել այն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև ուսումնասիրել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը՝ համատեղ ծրագրերը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև նշել, որ հայկական կողմը պատրաստ է կիսվելու արևային էներգետիկայի ոլորտում իր փորձով: 

Վարչապետն իր լիբանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան՝ նշելով, որ այցի շրջանակում կարելի է նաև կազմակերպել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստ վերոնշյալ հարցերը քննարկելու և փոխգործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև Լիբանանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների խորացման ու սերտացման գործում:

Հանդիպման ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

20:35 12.03.2018