ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արոնյանի շանսերը Հավակնորդների մրցաշարում շատ բարձր են». մարզիչը
18:15 13.03.2018

«Արոնյանի շանսերը Հավակնորդների մրցաշարում շատ բարձր են». մարզիչը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը վստահ է, որ նա Հավակնորդների մրցաշարում հաղթելու մեծ հնարավորություններ ունի: Այս մասին մասնագետը նշել է մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Առաջին 3 տուրում Արոնյանը 2 ոչ ոքի է խաղացել, իսկ երեկ ցավալի պարտություն է կրել: 1 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում է: Նադանյանն ընդգծում է, որ մրցաշարը դեռ նոր է սկսվել:

«Հաղթելու նրա շանսերը շատ բարձր եմ գնահատում, որովհետև երկար մրցաշար է՝ 14 փուլ, առանց պարտվելու անհնար է, ավելի լավ է առաջին 3 պարտիայում պարտվես, քան վերջին 3-ում: Չմոռանանք, որ Լևոնը պարտությունից հետո ավելի լավ է սկսում խաղալ: Համոզված եմ, որ մեկնարկային այս ճնշումը կանցնի»,- ասել է նա, ում խոսքերը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Աշոտ Նադանյանը կարծում է, որ առաջին պարտիայում Լևոն Արոնյանը պետք է հաղթեր չինացի Լիժեն Դինին: Նա հաղթած դիրք ուներ, որից չօգտվեց: Ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ 2-րդ պարտիան, ըստ մասնագետի, նա լավ անցկացրեց: Կարողացավ հեշտությամբ հավասարեցնել խաղը և ոչ ոքի ավարտել: Իսկ ահա Վլադիմիր Կրամինիկի հետ երեկվա պարտիայից մարզիչը դժգոհ է:

«Ինձ թվում է՝ պարտվելու պատճառն առաջին քայլն էր: Նա e4 քայլ չի անում: Չգիտեմ՝ ինչու երեկ որոշեց խաղալ e4: Կոնկրետ Կրամնիկի դեմ ինչ-որ բան էր պատրաստված, բայց... Նույնիսկ եթե դու շախմատային նոր քայլ ես մտածել, դու չպետք է խաղաս Կրամնիկի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե գիտես, որ մրցակիցդ որևէ բանում հատկապես ուժեղ է, պետք է ընդունես դա ու չփորձես գերազանցել նրան այդ առումով:

Շատերի, այդ թվում՝ Կրամնիկի համար անսովոր է եղել Արոնյանի կողմից e4 քայլը: Պարտիայից հետո նույնիսկ կատակում էին, որ գուցե Արոնյանի պարտության մեղավորը եղել է այդ օրվա հյուրը՝ դաշնակահար Ֆրանչեսկո Տրիստանոն, որը կատարել է խորհրդանշական առաջին քայլը: Կատակում էին, որ երաժիշտն Արոնյանի հետ քայլը համաձայնեցրած չի եղել:

«Անհնար է: Իհարկե, Լևոնն է ասել քայլը, մանավանդ ասուլիսի ժամանակ Լևոնն ընդունեց, որ e4-ը պետք է չխաղար: Կատակներ անում էին, որ դաշնակահարի մեղքով էր»,- ասել է Նադանյանը:

Մարզիչը նշել է, որ Արոնյանի հետ չի շփվել և մինչև մրցաշարի ավարտը չի խոսելու: Նրանց մոտ ավանդույթ է, որ, եթե Լևոնի մոտ կոնկրետ հարցեր չկան, իրենք չեն շփվում մրցումների ընթացքում: Նադանյանն ընդգծում է, որ Լևոնը պրոֆեսիոնալ է և անընդհատ քաջալերանքի կարիք չունի. ինքնուրույն կարող է հավաքել մտքերն ու իրավիճակից ելք գտնել: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, և ըստ մարզչի՝ դա Արոնյանի համար լավ է: Նա կարող է հանգստանալ ու վերականգնել ուժերը: Իսկ վաղվա մրցակիցը՝ Սերգեյ Կարյակինը, հարմար է հաղթելու ու ցավալի պարտությունը մոռանալու համար:

«Հարմար հակառակորդ է: Երբ զայրացած ես, ուզում ես հաղթել, հարմար հակառակորդ է: Ինձ թվում է՝ նա նաև մի փոքր վախենում է Լևոնից: Կարծեմ նրանց վերջին պարտիան է, որ Լևոնը շատ վատ դիրքում ոչ ոքի առաջարկեց, ու Կարյակինը համաձայնեց: Մի քիչ էլ խաբեց այդ պահին: Լևոնին ասացի՝ հաջորդ անգամ քեզ չի հավատա, եթե ոչ ոքի առաջարկես: Ասաց՝ ոչինչ, մյուս անգամ այլ կերպ կխաբեմ»,- պատմել է Նադանյանը:

3 տուրից հետո Բեռլինում ընթացող Հավակնորդների մրցաշարում առաջին հորիզոնականում Կրամնիկն է, ով ունի 2.5 միավոր: Մամեդյարովն ունի 2 միավոր և 2-րդն է: Նույնպես 2 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան 3-րդն է: Մրցաշարը սկսվել է մարտի 10-ին, կավարտվի 28-ին:

Լուսանկարը՝ Nadanian.blogspot.com-ի 
18:15 13.03.2018