ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գլենդելի փողոցներից մեկը կկոչվի «Արցախ»
14:15 14.03.2018

Գլենդելի փողոցներից մեկը կկոչվի «Արցախ»

Գլենդելի (Լոս Անջելես) քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Մերիլենդի պողոտան «Արցախի փողոց» անվանափոխելու գործընթաց սկսելու օգտին։ Այն գտնվում է Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև և կկոչվի՝ ի պատիվ Արցախի Հանրապետության։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը։

Հիշեցնենք՝ այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին և դիվանագիտական անձնակազմին:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնել են, որ քննարկվել են ԱՄՆ-ի և հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:

Բացի այդ, Բակո Սահակյանն այցելել է նաև Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն և հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։

Հանդիպմանը քննարկվել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախագահը կարևորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք և կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:

Լուսանկարը՝ Mapio.net-ի

 

14:15 14.03.2018