ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մերկելը 4-րդ անգամ է ստանձնել կանցլերի պարտականությունները
18:15 14.03.2018

Մերկելը 4-րդ անգամ է ստանձնել կանցլերի պարտականությունները

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն այսօր՝ մարտի 14-ին, Քրիստոնեական-ժողողվրդավարական միություն կուսակցության առաջնորդին՝ Անգելա Մերկելին, ընտրել են որպես Գերմանիայի կանցլեր: Այս մասին գրում են գերմանական լրատվամիջոցները, փոխանցում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը:

Այսպիսով՝ Մերկելը կզբաղեցնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնը չորրորդ ժամկետով անընդմեջ:

Նրա թեկնածության օգտին Բունդեսթագում քվեարկել է 364 պատգամավոր, դեմ է քվեարկել 315-ը: Եվս 9 պատգամավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից:

Ինչպես սպասվում է՝ այսօր ավելի ուշ տեղի կունենա հատուկ արարողություն, որի ժամանակ ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես կհայտարարի Մերկելի՝ կանցլերի պաշտոնում ընտրվելու մասին:

Հայտնի է, որ արարողությունը կկայանա Բելվյուի դղյակում, ինչից հետո նորընտիր կանցլերը կվերադառնա Բունդեսթագ և երևանյան ժամանակով 15:00-ին հանդիսավոր կերդվի:

Բացի այդ, օրվա ավարտին մոտ տեղի կունենա նաև գերմանական նախարարական կաբինետի առաջին նիստը:

Ռուսական գործակալությունը հիշեցնում է, որ Մերկելի ընտրվելուն նախորդել են երկարատև բանակցություններ իշխող կոալիցիայի ձևավորման շուրջ: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա առաջին անգամ էր, որ ԳԴՀ-ում տևական ժամանակ չէր հաջողվում կազմավորել կոալիցիա: 

Բունդեսթագում ընտրություններն անցկացվել էին 2017թ. սեպտեմբերի 24-ին:

Լուսանկարը՝ Interfax.ru-ի

18:15 14.03.2018

Ամենաշատ ընթերցվածները