ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է 46,8 մլն դոլարի ներդրումներ
14:35 17.03.2018

Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է 46,8 մլն դոլարի ներդրումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Կառավարությունում մարտի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: 

Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի ֆինանսական և գործունեության տարեկան հաշվետվությունները, այնուհետև 2018 թվականի գործունեության ծրագիրը և բյուջեն։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային մի շարք փոփոխություններ, արտասահմանյան ներդրողներին է ներկայացվել 1 միլիարդ 577 մլն դրամի 29 ներդրումային ծրագիր՝ զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում: Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաև էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես Investmentprojects.am հարթակի միջոցով, որը 2017-ի ընթացքում ունեցել է 22 հազար այցելու, բացի այդ, ստեղծվել է Selectarmenia պորտալը: Նախորդ տարվա ընթացքում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են 5 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում: 2016-ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ: Հիմնադրամի նպատակն է 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի: Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում Հիմնադրամի ջանքերով ներգրավվել են 15 մլն դոլարի ներդրումային և 2,9 մլն դոլարի վերաներդրումային ծրագրեր: Հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի: 

Տեղեկացվել է նաև, որ Հիմնադրամը տեղեկատվական տաղավարներ է հիմնել Բեյրութում, Դուբայում և Մոսկվայում, որոնք զբաղվում են Հայաստանում գործունեություն իրականացնել ցանկացող կազմակերպությունների գրանցմամբ, ինչպես նաև արտասահմանյան ներդրողներին ներկայացնում ներդրումային ու արտահանող ընկերությունների առաջարկները: 

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Վարքագծի կանոնները, Ինսայդերական քաղաքականությունը և Շահերի բախման բացահայտման տարեկան հայտարարագիր»-ը և քննարկել հիմնադրամի նպատակների և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունները: 

Քննարկել և հաստատվել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ապրանքային նոր նշանն ու կարգախոսը և հավանություն տրվել Հայաստանի զարգացման հիմնադրամը «Գործարար Հայաստան»-ի անվանափոխելու առաջարկությանը: 

«Այսպիսով ավելի ուղղակի մեսիջ ենք հասցնում, որ աշխատում ենք բիզնես ոլորտում ու այդ նպատակով էլ հիմնադրամը վերանվանում ենք «Գործարար Հայաստան»: Ներդրողների համար այդպես ավելի ընկալելի կլինի, որ մենք զբաղվում ենք բիզնեսով, շփվում բիզնեսի հետ»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

14:35 17.03.2018

Ամենաշատ ընթերցվածները