ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱԺ խորհուրդը կորոշի Արմեն Սարգսյանի երդմնակալության վայրը
14:55 19.03.2018

ԱԺ խորհուրդը կորոշի Արմեն Սարգսյանի երդմնակալության վայրը

ՀՀ Ազգային Ժողովի խորհուրդի այսօրվա նիստում քննարկվելու է նաեւ, թե որտեղ կանցկացվի ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:  Ըստ այդմ, համապատասխան որոշման նախագծով, այդ արարողակարգի համար ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ»-ում:

Արմեն Սարգսյանը, ձեռքը դնելով ՀՀ Սահմանադրության մայր օրինակի և Վեհամոր Ավետարանի վրա, պաշտոնապես կերդվի ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Ելույթ կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր Հանրապետության նախագահը: ԱԺ հատուկ նիստին հրավիրյալների ցանկը հաստատելու է Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Ստորև ներկայացնում ենք՝ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՈՒՄ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԺ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ.

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 34-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման հավելվածի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը գումարել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում՝ ժամը 12:00-ին:

2. Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում և գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը:

3. Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4.Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:

5. Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս նորընտիր Հանրապետության նախագահը:

6. Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր Հանրապետության նախագահը:

7. Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված»,- ամփոփված է փաստաթղթում:

14:55 19.03.2018