ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չինաստանում ուսուցիչը պարտաճանաչ աշխատանքի է գնում դպրոցում միայնակ մնացած աշակերտի համար
16:35 20.03.2018

Չինաստանում ուսուցիչը պարտաճանաչ աշխատանքի է գնում դպրոցում միայնակ մնացած աշակերտի համար

Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել իր գործի իսկական նվիրյալ Սյու Ծֆենգին, որն ուսուցիչ է և ամեն օր պարտաճանաչ աշխատանքի է գնում՝ չնայած, որ ամբողջ դպրոցում ընդամենը մեկ աշակերտ է սովորում: Այս մասին փոխանցում է Tert.am-ը:

Չինացու անմնացորդ նվիրումն իր աշխատանքին հուզել է բազմաթիվ օգտատերերի, որոնք ցանկանում են ավելի շատ բան իմանալ նրա կյանքի մասին:

Նշվում է, որ Ծֆենգն ապրում է երկրի ամենախուլ բնակավայրերից մեկում: Նա բնակավայրի միջնակարգ դպրոցի վերջին ուսուցիչն է ու դասավանդում է հաստատության միակ աշակերտին՝ 11-ամյա Սու Ժաքին:

Տղամարդը վստահ է, որ իսկական ուսուցչի պարտականությունը նույնիսկ ամբողջ դպրոցում միայնակ մնացած աշակերտին մինչև վերջ կրթելու մեջ է:

Հիսունչորսամյա չինացին տղային դասավանդում է մաթեմատիկա, օտար լեզուներ, ֆիզկուլտուրա, երգեցողություն:

Նա պատմել է, որ նույն դպրոցում է դասավանդում 1982թ. սկսած: Տղամարդը կարոտով է հիշում 1990-ական թվականները, երբ դպրոցն ուներ ավելի քան 100 աշակերտ և 9 ուսուցիչ:

Սակայն ժամանակի ընթացքում տարածքում կառուցվել են նոր դպրոցներ, ու գյուղի բնակիչները նախընտրել են իրենց երեխաներին նոր դպրոցներ ուղարկել:

Մինչդեռ 11-ամյա աշակերտը պատմել է, որ փոքր հասակում իրեն լքել են ծնողներն ու ինքը, լքված լինելով հանդերձ, չի ցանկանում լքել իրեն պահող տատիկ-պապիկին ու սիրելի ուսուցչին:

16:35 20.03.2018