ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշնանը ՀՀ-ում բռնցքամարտի միջազգային մրցաշար կանցկացվի
19:55 20.03.2018

Աշնանը ՀՀ-ում բռնցքամարտի միջազգային մրցաշար կանցկացվի

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստվում է աշնանը Երևանում բռնցքամարտի միջազգային մրցաշար անցկացնել, որը կկրի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Նա հույս է հայտնել, որ այդ ստուգատեսից հետո ԱԻԲԱ-ն կտեսնի իրենց հնարավորությունները և ՀՀ-ում Տոկիո 2020-ի վարկանիշային մրցաշար անցկացնելու հնարավորություն կտա:

«Կանցկացնենք միջազգային մրցաշար, որում ցույց կտանք, թե ինչ որակների միջազգային մրցաշար կարող ենք կազմակերպել: Մեծահասակների Ա դասի՝ բարձր կարգի մրցաշար է լինելու: Տեսնենք՝ քանի երկիր կմասնակցի: Սա նախապայման կհանդիսանա, որպեսզի ԱԻԲԱ-ն համաձայնի 2019 թվականին օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացնել Հայաստանում»,- ասել է նա, ում խոսքերը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Մրցաշարը հայկական բռնցքամարտը նոր մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլ է: Արթուր Գևորգյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում այս մարզաձևն աճել է, սակայն միևնույն ժամանակ ընդգծել, որ դեռ անելիքներ է տեսնում: Ֆեդերացիայի նպատակն է այնպես անել, որ հայկական բռնցքամարտն առաջատար լինի աշխարհում:

«Եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապա այո՛, իսկապես նշաձողը բարձրացել է, բայց դա դեռ այն նշաձողը չէ, որին ձգտում ենք, որն ակնկալում ենք: Համոզված եմ, որ մոտակա տարիներին մենք կլինենք աշխարհում բռնցքամարտի դոմինանտ երկրներից մեկը թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական ռինգում»,- ասել է նա:

Ենգիբարյանի անվան միջազգային մրցաշարը կայանալու է սեպտեմբերին: Նախատեսվում է անցկացնել «Միկա» մարզահամալիրում:

19:55 20.03.2018

Ամենաշատ ընթերցվածները