ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին և Հայաստանի քրդական համայնքին
13:55 21.03.2018

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին և Հայաստանի քրդական համայնքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին գարնանային գեղեցիկ տոնի՝ Նովրուզի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան: Սերժ Սարգսյանը նշել է, որ դարերի խորքում ձևավորված հայ-իրանական բարեկամությունը պարտավորեցնում է ըստ արժանվույն գնահատել անցյալի ձեռքբերումներն ու հավատարիմ մնալ քաղաքակրթությունների օրրաններ հանդիսացող Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների ոգուն: 

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկ այլ շնորհավորական ուղերձ էլ հղել է Հայաստանի քրդական համայնքին:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նախագահ Սարգսյանը մաղթել է երջանկություն, բարօրություն և առաջընթաց Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում: 

«Համոզված եղեք, որ ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մենք միասին կառուցում ենք ազատ ու բարեշեն երկիր բոլորիս համար»,- ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:

13:55 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները