ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թրամփի խորհրդականները նրան համոզում էին վերընտրվելու կապակցությամբ չշնորհավորել Պուտինին
15:15 21.03.2018

Թրամփի խորհրդականները նրան համոզում էին վերընտրվելու կապակցությամբ չշնորհավորել Պուտինին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հետևել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների նախազգուշացումներին ու Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ զանգահարել ու շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, գրում է Washington Post-ը, փոխանցում է Tert.am-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ խորհրդականները շատ ջանքեր են գործադրել 71-ամյա ղեկավարին այդ մտքից հետ պահելու համար: Այդ թեմայի շուրջ Թրամփին ներկայացված փաստաթղթերում նույնիսկ մեծատառերով գրված է եղել «ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՔ»:

Հատկանշական է, որ Թրամփը ոչ միայն զանգահարել ու շնորհավորել է, այլև անտեսել է խորհրդականների մյուս նախազգուշացումը, որը վերաբերում էր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջերս Մեծ Բրիտանիայոմ նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալային դեպքի խիստ դատապարտմանը:

Նշվում է, որ Թրամփն այս մասին չի խոսել ռուս գործընկերոջ հետ:

Անդրադառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Թրամփն ընդգծել է, որ ամեն ինչ լավ է անցել:

«Հավանաբար մենք կհանդիպենք մոտ ապագայում»,- տեղեկացրել է նա:

ԱՄՆ նախագահը լրագրողներին պատմել է, որ բարեմաղթանքներ է հղել Պուտինին վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև քննարկել է սիրիական, հյուսիսկորեական հարցերը:

Աղբյուրը հավելում է, որ Թրամփը խիստ քննադատվել է այս հեռախոսազանգի համար: Մասնավորապես՝ հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնն իր թվիթերյան էջում գրել է.«ԱՄՆ նախագահը հանդես չի գալիս որպես ազատ աշխարհի առաջնորդ՝ կեղծ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորելով բռնապետերի: Զանգահարելով Վլադիմիր Պուտինին՝ նախագահ Թրամփը վիրավորել է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկված էր ազատ ու թափանցիկ ընտրություններին մասնակցելու իրավունքից»:

Նմանատիպ կարծիք են հայտնել բազմաթիվ այլ կոնգրեսականներ:

Լուսանկարը՝ Salon.com-ի

15:15 21.03.2018