ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ծռերին» չթողեցին հայտարարություն անել
15:55 21.03.2018

«Ծռերին» չթողեցին հայտարարություն անել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում մարտի 21-ի դրությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստը: Այն սկսվել է լարված մթնոլորտում, ինչի մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը:

«Այսօրվա նիստին ուղեկցող ոստիկանների թիվը կրկնապատկվել էր. նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նրանց խնդրեց այնպես կանգնել, որ դատավարության մասնակիցներն իր համար տեսանելի լինեն: Ծռերը փորձեցին հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չտվեց ասելով, որ հայտարարություններն արվում են նիստն ավարտելուց առաջ: Խանդոյանն ասաց, որ նախորդ նիստին ինքը չի կարողացել հայտարարություն անել. «Թողեցիք՝ փախաք»,- ասաց Խանդոյանը, ինչի համար դատավորը նրան նկատողություն տվեց: Ապա մեղադրող դատախազ Արամ Արամյանը փորձեց հրապարակել գործում եղած ապացույցները, ինչին զուգահեռ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարության համար ձայն էին խնդրում: Նշենք, որ ծռերի մոտից բարձրախոսները վերցվել էին և նրանց ձայնը հազիվ էր լսելի ապակիներից այն կողմ գտնվող քաղաքացիների համար: Այնուհետև դատավոր Մակյանը նկատողություն հայտարարեց Գագիկ Եղիազարյանին և Արայիկ Խանդոյանին՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, զգուշացնելով, որ կրկնվելու դեպքում կհեռացվեն նիստերի դահլիճից: Նախազգուշացման «արժանացավ» նաև Սմբատ Բարսեղյանը ծափահարելու համար:

Նշենք, որ երեկ նույն դատարանում դատապարտվեցին Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը և մյուսները: Ոստիկանների այսօրվա ուժեղացված հսկողությունն, ըստ ամենայնի, հենց այս հանգամանքով է պայմանավորված»,- ամփոփում է օրաթերթը:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

15:55 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները