ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վատիկանում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը
20:15 21.03.2018

Վատիկանում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը

Վատիկանի այգիներում տեղադրվել է Չեխիայում ձուլված Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը: Այս մասին հայտնում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Մինասյանն իր Facebook-ի էջում գրում է, որ արձանի տեղադրամն մտահղացումն առաջացել էր 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում: Այդ ժամանակ, նրա խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ:

«Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց Նախագահին՝ տալով իր համաձայնությունը», - հիշեցնում է դեսպանը:

Կարճ ժամանակ անց, գրում է Մինասյանը, ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում:

Արձանի տեղադրման ստեղծման ու գործին միացել է նաեւ Արթուր Ջանիբեկյանը: «Իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:

Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին», - եզրափակում է նա:

 
20:15 21.03.2018