ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը
13:35 22.03.2018

Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 

«Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը մրցանակը ստանալու արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են Մխիթարյանին՝ նշելով նաև «Հայաստան» անունը և այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Լուսանկարը՝ Armenpress.am-ից

13:35 22.03.2018