ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Դադարեցնել Ադրբեջանի ֆինանսավորումը. ԱՄՆ կոնգրես
14:35 22.03.2018

Դադարեցնել Ադրբեջանի ֆինանսավորումը. ԱՄՆ կոնգրես

Հայաստանին ու Արցախին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, որին վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը, Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմեց կոնգրեսական Բրեդ Շերմանը.

«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարևանությամբ է գտնվում, և որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախեթի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ՝ գործընկերներիցս շատերը նամակ են ուղարկել այդ կապակցությամբ»:

Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն և 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Արցախին ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:

Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը հատկապես Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային.

«Արդյո՞ք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՞ դեպի Արևմուտք»:

Կոնգրեսականի խոսքով այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական, այլև քաղաքական կարևորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար:

14:35 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները