ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Առաջին փոխվարչապետին տրվում են առավել կարևոր ոլորտները». Վաչե Գաբրիելյան
18:35 22.03.2018

«Առաջին փոխվարչապետին տրվում են առավել կարևոր ոլորտները». Վաչե Գաբրիելյան

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն իր իսկ կողմից ղեկավարվող Նախարարության լուծարման գործընթացին վերաբերվում է նորմալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետը և հիմնավորել, որ Հայաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ: 

«Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է: Ինտեգրումը կարելի է անել այլ միջոցներով, մասնավորապես, փոխվարչապետի ինստիտուտի միջոցով՝ առանց նախարարության, վարչապետի աշխատակազմի միջոցով կհամակարգվեն»,- պարզաբանել է Փոխվարչապետը, ում խոսքերը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Գաբրիելյանը չի բացառել, որ ինքը կշարունակի ապրիլից հետո էլ պաշտոնավարել, բայց նշել է, որ նման որոշում դեռ չկա: Նրա փոխանցմամբ առայժմ պարզ չէ, թե Նախարարության աշխատակազմը ի՞նչ է անելու լուծարումից հետո:

«Նրանք բավականին բարձր որակավորում ունեցող կադրեր են, որոնք իրենց տեղը կգտեն այլ կառույցներում կամ մասնավոր ոլորտներում»,- ասել է նա և տեղեկացրել, որ Նախարարությունն իր հաշվեկշռում ունի երկու ավտոմեքենա, իսկ հաստիքների թիվը 30-ն է, որն այս պահին լրիվ համալրված չէ:

Ապրիլից հետո վարչապետի աշխատավարձը բարձրանում է: «ՀԺ»-ն փոխվարչապետից հետաքրքրվել է, թե ի՞նչ հիմնավորմամբ է այդ բարձրացումը տեղի ունենում:

«Դա արտահայտում է այն տրամաբանությունը, որ Սահմանադրությունն իշխանության տարբեր մարմինների միջև դնում է ծանրաբեռնվածության, աշխատանքի և պարտականությունների տեսակետից»,- ասել է նա:

Ապրիլից հետո ստեղծվելու է նաև առաջին փոխվարչապետի պաշտոն: «ՀԺ»-ն Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ լիազորություններով է այս փոխվարչապետը տարբերվելու մյուս փոխվարչապետերից: Վաչե Գաբրիելյանն ասել է, որ այս պահին չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ պարտականությունները հստակեցվելու են Կառավարության ձևավորումից հետո, բայց միանշանակ պարզ է, որ նրան տրվելու են կարևորագույն ոլորտներ:

«Նայեք Ռուսաստանի կառավարության կարգը և կտեսնենք, թե այնտեղ առաջին փոխվարչապետը քանի ոլորտ է համակարգում և այդ ոլորտներից որքանն են կարևոր, երկրորդական և առանցքային: Կառավարությունը ձևավորելուց հետո որոշակի ոլորտների համակարգումը տրվում է մեկ փոխվարչապետի, մյուսները տրվում է մեկ այլ փոխվարչապետի: Կան ոլորտներ, որոնք համարվում են առավել կարևոր, որոնք որոշվում է Կառավարության կազմավորման ժամանակ»,- նշել է նա:

Լուսանկարը՝ Aysor.am-ի

18:35 22.03.2018