ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լապշինը գալիս է Հայաստան
15:15 23.03.2018

Լապշինը գալիս է Հայաստան

Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար տևական ժամանակ բանտարկվեց Ադրբեջանում և ազատ արձակվեց Ալիևի հրամանով, կրկին մտադիր է այցելել Հայաստան:

Լապշինն այս մասին գրել է Facebook-ի իր էջում: Նա տեղեկացնում է, որ Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ու կատակել, որ ՀՀ-ում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»:

«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երևան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիևայի (խմբ.-Ադրբեջանի առաջին տիկնոջ) անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, և Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան:

Տուրի արժեքը՝ պայմանագրային…կատակ է: Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է Լապշինը:

«Հայկական ժամանակ» հիշեցրել է, որ Լապշինը 2016-ի վերջին Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվել էր, այնուհետև արտահանձնվել էր Բաքու: Ադրբեջանը նրան Արցախ այցելության համար իր սև ցուցակում էր ընդգրկել: Բաքվում դատարանը Լապշինին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:

Այնուհետև Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Պարզվել էր, որ Լապշինին բանտում գրեթե ինքնասպանության էին հասցրել: Այժմ Լապշինը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ, որի գանգատի հիմք են դարձել մահափորձն ու խոշտանգումները։ Դեռ հայտնի չէ, երբ տեղի կունենա դատը։

Լուսանկարը՝ Svoboda.org-ի

15:15 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները