ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են նույն կանոնները, ինչ ԱԺ-ում է». Դավիթ Հարությունյան
20:55 23.03.2018

«Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են նույն կանոնները, ինչ ԱԺ-ում է». Դավիթ Հարությունյան

ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ: 

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, թե առաջին ընթերցումից հետո մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև «Ելք» խմբակցությունից, առաջարկություն են ներկայացրել, թեև ոչ ամբողջն է ընդունվել, բայց առաջարկությունների զգալի մասն ընդունվել է և արտացոլվել է նախագծում:

Հարությունյանը նշել է, թե առաջարկություն էր ներկայացրել նաև Կառավարությունը և ներկայացրեց հիմնական բովանդակային փոփոխությունները: Ըստ նրա՝ առաջինը վերաբերում է Երևան քաղաքին:

«Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են բացարձակապես նույն կանոնները, ինչ ԱԺ-ի պարագայում է: ԱԺ պարագայում լրագրողների  դահլիճում աշխատանքը շատ անարդյունավետ է, և կարծում ենք՝ մեր աշխատանքը չեն  խոչընդոտում լրագրողները: Յուրաքանչյուրը պետք է անարգել իրականացնի իր աշխատանքը: Այն որ այս պահին ուղիղ հեռարձակում է ներկայացվում կից սրահում, և լրագրողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել, այլ նաև ձայնագրել նիստի ընթացքը, իրենց հնարավորություն է տալիս պատշաճ կատարել իրենց աշխատանքը: Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ, և նույն դրույթն ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի համար»,- ասել է նա, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է ևս մեկ փոփոխության մասին, մասնավորապես վարչապետին նախկինում նախատեսում էին իրավասություն վերապահել իր նախաձեռնությամբ նախարարների, Կառավարության և վարչապետի մարմինների ղեկավարների որոշումների վերաբերյալ:

«Լուրջ փոփոխություն ենք նախատեսել, որ կարող է իրականացվել օրենքով սահմանված դեպքում և կարգով: Բացի դրանից, համարել ենք ոչ նպատակահարմար, որ վարչապետը կարողանա վերանայել Կառավարությանը ենթակա մարմինների որոշումները, դրանք կարող է վերանայել ընդամենը Կառավարությունը»,- ասել է նա:

Մարմինների  կազմի հետ կապված փոփոխությամբ, ըստ նրա, նախատեսվում է, որ ՊՊԾ-ն կընդգրկվի ԱԱԾ-ի կազմում:

«Միաժամանակ ավելացնում ենք ևս մեկ մարմին, որը նախկինում կոչվում էր գնումների հետ կապված բողոքարկման խորհուրդ, դա կգործի Նախարարության ենթակա մարմինների կազմում և կլինի կոնկրետ անձ, որի անկախության երաշխիքներն օրենքով նախատեսվում են»,- ասել է նա: 

Մեկ այլ կարևոր փոփոխություն, ըստ նրա, վերաբերելու է «Օպերատիվ հետախուզություն իրականացնելու» օրենքին:

«Հատկապես հեռախոսով վերահսկողություն կատարելու օրենքով ծագել են նոր տիպի ծառայություններ, որոնք պետք է ունենան նույն երաշխիքները միջամտության, ինչ հեռախոսային խոսակցությունները, ուստի հեռախոսային խոսակցություններն ընդլայնվել են, որպեսզի արտացոլի ժամանակակից արտացոլումներն այս բնագավառում»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

20:55 23.03.2018