ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Լույս» հիմնադրամը ներկայացրել է կրթաթոշակների տրամադրման նոր կանոնակարգը
17:15 26.03.2018

«Լույս» հիմնադրամը ներկայացրել է կրթաթոշակների տրամադրման նոր կանոնակարգը

«Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին, ներկայացրել է կրթաթոշակների տրամադրման նոր կանոնակարգը: «Հայկական ժամանակ»-ը ներկայացրել է Հիմնադրամի հաղորդագրությունն ամբողջությամբ:

««Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին, և Հիմնադրամի առաքելության հիմքում դրվել է Հայաստանի զարգացման ապահովումը համաշխարհային գիտելիքահեն տնտեսության պայմաններում։ «Լույս»-ը փոխառություն կամ կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին և տարբեր նախագծերի ո ծրագրերի միջոցով ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործում։

Այսօր «Լույս»-ն ունի 500-ից ավելի կրթաթոշակառուների և շրջանավարտների համայնք աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանք բոլորն ակտիվ մասնակցություն ունեն դրական փոփոխությունների իրագործմանը թե՛ աշխատավայրերում, թե՛ այն գիտական կենտրոններում, որտեղ սովորում են։

2017թ. հուլիսին՝ «Լույս»-ի համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է։

Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույս»-ը կատարել է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա «Լույս»-ի գիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդունել Կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ․ ռազմավարական այս նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի և ողջ Հայկական աշխարհի զարգացմանը։

Ստորև ներկայացնում ենք Կրթաթոշակի ծրագրի տրամադրման կարգի հիմնական կետերը։

ՆԿԱՐԱԳԻՐ

«Լույս»-ը փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու:

«Լույս»-ի կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:00) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

«Լույս»-ի կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին․

✔լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ,

✔«Լույս»-ին դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան,

✔ընդունված լինի «Լույս»-ի կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Կրթաթոշակի ծրագրին դիմելու համար պետք է ընդունված լինել «Լույս»-ի կայքում հրապարակված համալսարաններից մեկը՝ հետևյալ գիտական աստիճաններից մեկը շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու.

✔ Բակալավրիատ,

✔ Մագիստրատուրա,
Պայման՝ ՀՀ քաղաքացի, արական սեռի դիմորդների համար մագիստրոսական ծրագրով սովորելու համար. փոխառություն/կրթաթոշակ կշնորհվի նրանց, ովքեր չունեն պարտավորություն ՀՀ ԶՈՒ-ի նկատմամբ:

✔ Ասպիրանտուրա
Հատուկ հանձնաժողովի կողմից կընտրվեն ասպիրանտական այն ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին՝ սահմանված ՀՀ Կառավարության կողմից:

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ/ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԲԱՇԽՈՒՄ

«Լույս»-ը փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում առցանց հայտը լրացրած առաջին 10 ուսանողներին, ովքեր դիմում են պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով: Յուրաքանչյուր համալսարանի համար առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին, առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին:

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ/ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներ.

✔  կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով:
* Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև մեկ տարի ժամանակ:

✔ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստան կամ Արցախ վերադառնալու և երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ուսման ընդհանուր ծախսերի 75 տոկոսը:

Հայազգի այլ դիմորդներ.

✔ կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցության պայմանով:

✔ Այն կրթաթոշակառուները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 50 տոկոսը»:

Լուսանկարը՝ Photolure-ի 
17:15 26.03.2018

Ամենաշատ ընթերցվածները