ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Սեռով պայմանավորված բռնությունները կանխելու նպատակով բջջային հավելված կստեղծվի». Բագրատ Ենգիբարյան
16:55 03.04.2018

«Սեռով պայմանավորված բռնությունները կանխելու նպատակով բջջային հավելված կստեղծվի». Բագրատ Ենգիբարյան

Համաշխարհային բանկի խումբը և Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը 95,500 ԱՄՆ դոլար են շնորհել հայկական տեխնոլոգիական բիզնես հիմնադրամին սեռով պայմանավորված բռնությունների դեպքերի թիվը կրճատելու հարցում օգնելու համար: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նա նշել է, որ բռնություն ասելով նկատի չունի միայն ֆիզիկականը, այլ խոսքն ընդհանրապես հասարակության մեջ գենդեռային անհավասարության մասին է: Ենգիբարյանի խոսքերն է փոխանցում Tert.am-ը:

«Ճապոնիայում հետազոտություն են արել, ըստ որի՝ եթե կանանց մոտ 20 տոկոսին կարողանան տանել աշխատանքի, ապա իրենց ՀՆԱ–ն 10 տոկոսով կաճի: Խոսքը միայն կանանց մասին չէ. տեղեր կան, որ պատկերը հակառակն է, այդ իսկ պատճառով խնդրին պետք է ավելի լայն նայել: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա ասեմ, որ մեզ մոտ առկա են կազմակերպություններ, որոնք ունեն բավականին հետաքրքիր լուծումներ, ունեն ստեղծագործ աշխատուժ, որը կկարողանա համապատասխան հավելված մշակել:

Սեռով պայմանավորված բռնությունները կանխելու նպատակով բջջային հավելված կստեղծվի»,- ասել է նա:

Ենգիբարյանը նշել է, որ հավելվածի ստեղծման համար ունեն 1 տարի ժամանակ: Նրա գնահատմամբ բջջային հեռախոսների հավելվածների և թվային տեխնոլոգիաների գործարկման ընթացքում կանանց իրական ժամանակահատվածում փորձագիտական օժանդակություն և տեղեկություններ կտան, որոնք կօգնեն տվյալների մշակումն ավելի լայն մասշտաբներով իրականացնել:

«Սեռով պայմանավորված բռնությունները գլոբալ խնդիր են, շատ հետազոտություններ արվում են ենթադրությունների վրա, քանի որ բռնության ենթարկվածը տեղեկատվություն չի տալիս: Ներկայումս աշխարհի հիմնական մարտահրավերներից մեկը հասկանալն է, թե  ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով ինչպե՞ս նվազեցնել այդ խնդիրը: Հաշվի առնելով ՀՀ-ում արագ զարգացող ՏՏ ոլորտը՝ ՁԻՀ-ը դրամաշնորհ է տվել գլոբալ լուծում առաջարկելու համար»,- նշել է Ենգիբարյանը:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ հնարավոր է հաշվարկել ՀՆԱ-ին պատճառած վնասը` սեռով պայմանավորված բռնության պատճառով.«Իհարկե, բավական բարդ բանաձև է, բայց մոտավորապես այսպես է լինում՝ սեռով պայմանավորված բռնության պատճառով շատ կանայք չեն կարողանում աշխատել, ինչը նշանակում է, որ եկամուտ չեն ստեղծում, պայմանական ստացյալ եկամուտը չեն սպառում և այդ ամենն իր արժեքն է ունենում տնտեսության վրա»։

Նա նկատել է, որ համաշխարհային կազմակերպության հաշվառումներով ամբողջ աշխարհի կանանց 35 տոկոսը կյանքի ընթացքում ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվել՝ զուգընկերոջ կամ զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից: Նա, լսելով լրագրողների հարցադրումները, հայտարարել է, որ երբ մարդկանց մոտ հարցեր են առաջանում, թե գիտեք՝ սա այսպես չի ստացվի, այս մի բան արդյունավետ չէ, նշանակում է, որ արդեն խորհրդակցային գործընթացը մեկնարկել է: Ըստ նրա՝ հիմա ժամանակն է հասկանալ, թե ի՞նչ աշխատանք կարող են տանել խնդրի կարգավորման համար, քանի որ այս երևույթի մասին բավականին սահմանափակ ինֆորմացիա կա:

«Այստեղ գալուց 2 հարց ունեի. առաջին՝ դուք լսե՞լ եք սեռով պայմանավորված բռնության մասին, իսկ սա միայն ՀՀ-ի խնդիրը չէ, քանի որ նման բռնության մեջ նշանակություն չունի անձի կարգավիճակը, սոցիալական դիրքը և այլն, երկրորդ՝  անձնապես ճանաչու՞մ եք մեկին, որ սեռով պայմանավորված տուժող է եղել: Այս հարցերի հիմնական նպատակն այն է, որ ինչ-որ պատկերացում կազմվի խնդրի մասին, այս ծրագիրը կամուրջ է տվյալ խնդրին ծանոթանալու, ընկալում ձևավորելու, խնդիրը բացահայտելու համար: Աշխարհի ամենավատ զգացողությունը միայնակ լինելու զգացողություն է, իսկ տեխնոլոգիաներն օգնում ենք պակաս միայնակ զգալ: Եթե հավելվածը լինի, մարդիկ կարող են իրենց պակաս միայնակ զգալ  և լռելու փոխարեն դիմեն օգնության»,- եզրափակել է Սիլվի Բոսութղոն:

Լուսանկարը՝ Aysor.am-ի

16:55 03.04.2018

Ամենաշատ ընթերցվածները