Հասարակական
«Պետք չէ սպասել դժբախտ դեպքերի, նոր հետևանքները վերացնել». Բաբկեն Պիպոյան
«Սպառողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին» օրենքի կատարումը կյանքի կոչելն է դրված ԱՊՀ անդամ-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի վրա. խորհրդի 14-րդ նիստին լրագրողների հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը:
Մինչդեռ, ըստ նրա, մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույց ուղղակի չկա, և որևէ մեկի լիազորություններում չէ:
Ըստ Պիպոյանի՝ նույնիսկ ՌԴ-ում են հասկացել, որ նախկին աշխատաոճի վերանայման անհրաժեշտությունը կա, որովհետև խնդիրները շատ են: Մյուս կողմից էլ նա նկատել է, որ ՀՀ-ն ինչ-որ պահի ուզում էր գնալ եվրոպական արժեքների հետևից:
«Բայց հետագայում նորից գնացինք ԵԱՏՄ և փաստացի նորից հետ վերցրինք ավելի շատ վերահսկողության լծակների ռուսական մոդելը:
Ինչ վերաբերում է սննդի վերահսկողությանը, ապա նշել է, թե անգամ պետական վերահսկողությունն է փաստում, որ «դե գիտեք, գնացինք, առաջին հերթին ստուգեցինք անվտանգությունը»: Այսինքն՝ թե յուղայնությունը որքան էր, սոյայի պարունակությունը ինչքան էր, դա երկրորդ պլան է մղվում»,- ասել է նա:
Բաբկեն Պիպոյանն առանձնացրել է, թե պետք է խորհուրդն ընդունի ի գիտություն՝ չսպասել դժբախտ դեպքերի և նոր հետևանքները վերացնի:
Նա օրինակ է բերել.«Երբ Կեմերովոյում հրդեհ եղավ, մենք սկսեցինք քննարկել, թե ինչպիսին է մեր առևտրի կետերում իրավիճակը: Ես մտածում էի՝ Աստված չանի, եթե սա լինի հիվանդանոցում, մանկապարտեզում, մենք սկսելու էինք գնալ, տեսնել, թե ինչպիսի՞ն է իրավիճակը մանկապարտեզում, առևտրի կետերում: Ընդամենը դրանից 10 օր հետո ունեցանք «Բուրգեր Քինգ»-ի պայթյունը և սկսեց հետաքրքրել, թե ինչպիսին է վիճակը հանրային սննդի կետերում: Պետք չէ սպասել դժբախտ դեպքերի, որ նոր մտածենք, տեսնենք մեր խնդիրները: Պետք է տեսնենք մեր խնդիրները, սկսենք արագ լուծել, կանխարգելել և ոչ թե հետևանքները վերացնել»,- ասել է նա:
Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի