ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գերմանացիների միայն 5 տոկոսն է վստահում Թուրքիային
17:15 06.04.2018

Գերմանացիների միայն 5 տոկոսն է վստահում Թուրքիային

Գերմանացիների զգալի մասը չի վստահում Թուրքիային՝ որպես դաշնակից երկրի, այս մասին հայտնի է դարձել Գերմանիայում գործող Infratest dimap հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումներից:

Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle մեդիաընկերության թուրքական ծառայությունը` Թուրքիային վստահում է հարցված գերմանացիների ընդամենը 5 տոկոսը, փոխանցում է Tert.am-ը:

Պարզվել է նաև, որ գերմանացիների համար ամենավստահելի երկիրը Ֆրանսիան է, որին վստահություն են հայտնել հարցվածների 92 տոկոսը: Հարցմանը մասնակցածների 28 տոկոսը վստահելի է համարում ԱՄՆ-ին, 26 տոկոսը՝ Ռուսաստանին: 

Ավելի վաղ կատարած հարցումներից մեկն էլ փաստել էր, որ գերմանացիների կեսից ավելին չէր ցանկանա թուրք հարևան ունենալ:

Լրատվակայքը նշում է, որ 2 պետությունների հարաբերությունները լարվել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորումից հետո:

Այժմ Թուրքիայի տարածքում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը ավելի քան 50 է, նրանցից 12-ը քաղբանտարկյալներ են:

Կալանավորվածների թվում էր նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, ով, սակայն, ամիսներ առաջ ազատ արձակվեց ու վերադարձավ Գերմանիա:
 
Լուսանկարը՝ DW.com-ի
17:15 06.04.2018