ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ադրբեջանն ընտրությունների է գնում լռեցված ԶԼՄ-ների և արգելափակված կայքերի ֆոնին
18:15 07.04.2018

Ադրբեջանն ընտրությունների է գնում լռեցված ԶԼՄ-ների և արգելափակված կայքերի ֆոնին

Ադրբեջանի իշխանությունները փութաջան և հետևողական են իրենց քննադատող ձայները լռեցնելու գործում: Ապրիլի 11-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության պոտենցիալ թեկնածուները կամ ձերբակալվել են, կամ նրանց թույլ չի տրվել մասնակցել մրցապայքարին, գրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)՝ նշելով, որ քաղաքական դաշտը մաքրվել է անհամաձայնության արտահայտման բոլոր ճանապարհներից, փոխանցում է Tert.am-ը:

Լրագրողների ձերբակալություններ, այլ երկրներից նրանց առևանգում, ֆինանսական խարդախությունների համար մեղադրանքներ, կայքերի արգելափակում, սոցիալական ցանցերի էջերի կոտրում. սրանք անկախ ԶԼՄ-ներին ճնշելու և քննադատությունը լռեցնելու ուղղությամբ Իլհամ Ալիևի գլխավորած իշխանության օգտագործած մարտավարության ամբողջական ցուցակը չեն:

Երկրի լրագրողների մեծ մասը նախընտրում է ապրել և աշխատել երկրի սահմաններից դուրս ձերբակալությունից և հետապնդումներից խուսափելու համար, բայց Ադրբեջանի իշխանությունները փորձել են լռեցնել քննադատությունն անգամ երկրի սահմաններից դուրս:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հիշեցնում է Վրաստանից առևանգված և այնուհետև Ադրբեջանում ձերբակալված հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլըի, ինչպես նաև Կիևում արտահանձնման վտանգի տակ գտնվող ընդդիմադիր Turan TV-ի Ամստերդամի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Հուսեյնլիի մասին:

Ադրբեջանի իշխանությունները նաև փորձել են զրպարտության վերաբերյալ բողոք ներկայացնել երկու ֆրանսիացի լրագրողների դեմ այն բանից հետո, երբ նրանցից մեկն Ադրբեջանը «բռնապետություն» է անվանել:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նշում է նաև, որ քննադատությամբ հանդես եկող լրագրողները, որոնք շարունակում են աշխատել երկրում, բախվում են ամենօրյա սահմանափակումների և խոչընդոտների:

Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ, Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել է կոմիտեին, որ Բաքվի նկատմամբ ճնշումները պետք է ուժեղանան:

«Միջազգային համայնքը պետք է ոչ միայն շարունակի ուժեղ ճնշում գործադրել Ալիևի վարչակարգի վրա, այլև այն ուժեղացնի ընտրություններից առաջ, որովհետև 7 տարի տևողությամբ նոր ժամկետի վերընտրվելու դեպքում ես դրա ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, Ալիևն անգամ ավելի քիչ կսկսի լսել իր օտարերկրացի գործընկերներին»,- ասել է Ռաուֆօղլուն:

Լուսանկարը՝ GeorgiaNewsDay.com-ի

18:15 07.04.2018

Ամենաշատ ընթերցվածները