ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սիրիայում ավիաբազայի հրթիռակոծության համար ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Իսրայելին
15:55 09.04.2018

Սիրիայում ավիաբազայի հրթիռակոծության համար ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Իսրայելին

Սիրիայի տարածքի և այնտեղ գտնվող կառավարական ավիաբազայի հրթիռակոծությունն իրականացրել են իսրայելական ինքնաթիռները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, հաղորդում է interfax.ru-ն, փոխանցում է Tert.am-ը:

«Ապրիլի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-15 ինքնաթիռ, չմտնելով Սիրիայի օդային տարածք, Լիբանանի տարածքից հարված են հասցրել «Տիֆոր» աերոդրոմի ուղղությամբ ութ կառավարվող հրթիռներով»,- հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Գերատեսչությունում նշել են, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության զորքերը կարողացել են ոչնչացնել ութ հրթիռներից հինգը, իսկ մնացած երեք հրթիռները հասել են աերոդրոմի արևմտյան հատված:

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պաշտպանական և դիվանագիտական գերատեսչությունների գծով արդեն հարցում է ուղարկել Իսրայելին՝ սիրիական ռազմաբազայի ուղղությամբ օդային հարվածների պատճառների վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե Իսրայելին սադրել է ԱՄՆ-ն, դա վատ է, և Թել Ավիվի նման քայլը ոչնչացնում է Իսրայելի հետ մեր հարաբերությունների շատ հանգամանքներ»,- ընդգծել է խորհրդարանականը:

Ավելի վաղ հաղորդել ենք, որ սիրիական Հոմս նահանգում գտնվող «Տիֆոր» («Տ-4») ավիաբազան ենթարկվել է հրթիռակոծման: Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, սակայն թվերի մասին ստույգ տեղեկություններ չկան:

Լուսանկարը՝ Ria.ru-ի

15:55 09.04.2018

Ամենաշատ ընթերցվածները