ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայ հասարակության առաջնահերթ խնդիրներից մեկը երիտասարդության տրամադրվածությունն է». Արմեն Սարգսյան
18:35 10.04.2018

«Հայ հասարակության առաջնահերթ խնդիրներից մեկը երիտասարդության տրամադրվածությունն է». Արմեն Սարգսյան

Ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ հայ հասարակության առաջնահերթ խնդիրներից մեկը երիտասարդության տրամադրվածությունն է: Այդ մասին նա ասել է ТАСС գործակալությանը տված հարցազրույցում:

«Հայ հասարակության առաջնահերթ խնդիրներից մեկը ես կնշեի երիտասարդության տրամադրվածությունը: Խոսելով երիտասարդության մասին՝ ես նկատի ունեմ ոչ այնքան տարիքը, հոգեվիճակը, ընդ որում՝ նկատի ունեմ նաև ինձ (ժպտում է), այլ այն, թե որքանով են երիտասարդ քաղաքացիները մոտիվացված, տրամադրված մասնակցել երկրի առաջընթացին, որքանով են նրանք պահանջված»,- ասել է նա, փոխանցում է Tert.am-ը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երիտասարդների ինքնաիրացման, ինքնահաստատման համար, պետականաշինությանը, հասարակական կյանքին մասնակցության համար:

«Չէ՞ որ արտագաղթը, առաջին հերթին երիտասարդության արտագաղթը կանգնեցնել մենք կարող ենք միայն երիտասարդների ինքնաիրացման, ինքնահաստատման համար, պետականաշինությանը, հասարակական կյանքին մասնակցության համար լիարժեք պայմաններ ստեղծելով, հնարավորություններ ստեղծելով գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի և բոլոր այն բնագավառներում, որոնցում նրանք ընդունակ են ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ: Ուրախալի է, որ Հայաստանում կան երիտասարդությանը նորարար ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կրթական նորարար ձևաչափերում ընդգրկելու մի շարք շատ հաջողված օրինակներ: Դրանցից են ստեղծարար տեխնոլոգիաների «ԹՈՒՄՈ» կենտրոնը, «Սինոփսիս Հայաստան» ընկերությունը, նոր, ժամանակակից դպրոցներն ու համալսարանները: Վստահ եմ, որ այդ միտումը պետք է հետևողականորեն զարգացնել»,- ասել է ՀՀ նախագահը:

Նա հավելել է, որ ապագայում նախատեսվում է նաև զինծառայությունը գրավիչ դարձնող և խրախուսող ծրագրեր իրականացնել:

«Ի դեպ, մենք ցանկանում ենք Հայաստանում գրավիչ դարձնել նույնիսկ զինծառայությունը: Հանրապետության Պաշտպանության նախարարությունն աշխատում է մի շարք ստեղծարար ծրագրերի վրա, որոնք խրախուսում են համալսարանական կրթությամբ ու շոշափելի սոցիալական երաշխիքներով զուգորդված զինվորական ծառայությունը»,- ասել է նա:
 
Լուսանկարը՝ Photolure-ի
18:35 10.04.2018

Ամենաշատ ընթերցվածները