ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը մարող հրշեջների հրամանատարի դեմ քրեական գործ է հարուցվել
18:55 11.04.2018

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը մարող հրշեջների հրամանատարի դեմ քրեական գործ է հարուցվել

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը մարող հրշեջների բրիգադի հրամանատարի դեմ: Այս մասին հայտնել է ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, հաղորդում է РИА Новости-ն, փոխանցում է Tert.am-ը:

Քննության վարկածի համաձայն՝ Սերգեյ Գենինի գործողությունները հանգեցրել են առնվազն 37 մարդու մահվան, որոնք գտնվել են չորրորդ հարկի կինոդահլիճում: Գործ է հարուցվել անփութության մեղադրանքով: 

«Հակահրդեհային ծառայության աշխատակիցները ժամանակ են կորցրել, որը կարող էր օգտագործվել մարդկանց փրկելու և անվտանգ վայր տեղափոխելու համար»,- ասել է Պետրենկոն:

Նրա խոսքով Գենինն անտեսել է մարդկանց մոտ հասնելու կարճ ճանապարհի մասին տեղեկությունը:

«Ականատեսներից մեկը հաղորդել է նրան չորրորդ հարկի թիվ 2 կինոդահլիճում մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ երեխաների գտնվելու մասին, և մատնանշել անմիջապես արևմտյան մուտքի մոտ գտնվող աստիճանները՝ որպես դեպի կինոդահլիճ հասնելու ամենակարճ ճանապարհ:

Գենինն անտեսել է այս տեղեկություններն ու չի համեմատել դրանք առկա պլան-սխեմաների հետ»,- հավելել է Պետրենկոն:

Աղբյուրը մանրամասնել է, որ Գենինն ուղղել է հրշեջների բրիգադը դեպի շենքի հարավ-արևելյան հատվածում գտնվող աստիճաններ: Հասնելով չորրորդ հարկ՝ նրանք հայտնաբերել են փակ դուռը և վերադարձել աստիճանների մոտ, որոնք գտնվում են անմիջապես արևմտյան մուտքի մոտակայքում, որով և բարձրացել են չորրորդ հարկ:

Լրատվակայքը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Կան գործով կալանավորվածներ։

Լուսանկարը՝ Pravda-TV.ru-ի

18:55 11.04.2018

Ամենաշատ ընթերցվածները